Գնացինք Աստանա, որ ի՞նչ անենք. «Ժողովուրդ»

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստում, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները` Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը, հերթական ամոթալի ձախողումը գրանցեցին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»:

Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի:

«Դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- Սերժ Սարգսյանին ասել է Ղազախստանի նախագահը և հավելել, թե Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ի դեպ, երեկ Սերժ Սարգսյանն այս վտանգավոր հայտարարությանը պատասխանելու փոխարեն, ըստ էության, ժամանակ խնդրեց մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս