Զինծառայողի խոսքերը` մահվանից առաջ. «Վաշտի հրամանատարն ինձ նեղացնում է, բենզին է ուզում, բենզինի փող է ուզում ինձնից» (տեսանյութ)
Իջևանում տեղակայված զորամասերից մեկում մայիսի 10-ին` առավոտյան 8:50-ի սահմաններում հայտնաբերվել էր շարքային զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի դին: Մոտ մեկ տարի հայկական բանակում ծառայած զինվորը դեպքից մի քանի օր առաջ էր արձակուրդից զորամաս վերադարձել: Նրան գտել էին գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով` զորամասի մարտական հենակետում:
Սկզբնական շրջանում դեպքը որակվել էր՝ որպես ինքնասպանություն, սակայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ էր դարձել, որ հրազենային վնասվածքը հասցվել էր 20-25 մետր հեռավորությունից, հետևաբար` դա ինքնասպանություն չէր կարող լինել:
168.am-ի հետ զրույցում Ներսեսի հորաքույրը` Կարինե Կարապետյանը, պատմեց, որ տղան խնդիրներ է ունեցել վաշտի հրամանատարի հետ` բենզինի պակասորդի պատճառով: Բենզինի պակասորդի մասին նույնիսկ հրամանատարն է իմացել, ու դրա փոխարեն` պահել է վաշտի հրամանատարի աշխատավարձից: Կ. Կարապետյանի կարծիքով` հրամանատարը վաշտի հրամանատարի աշխատավարձից է պահել, որն էլ իր հերթին՝ զինվորներից է ուզել այդ գումարը: Ինքը` հորաքույրը, այդ մասին չի իմացել, սակայն մահվանից հետո այդ մասին իրեն պատմել է Ներսես Կարապետյանի ավագ եղբայրը. «Ինքն ուներ խնդիրներ, բայց մենք չգիտեինք, ու վերջում էր իր մորն ասել, որ «վաշտի հրամանատարն ինձ նեղացնում է, բենզին է ուզում, բենզինի փող է ուզում ինձնից, բայց ինքը գիտի` այդ բենզինն ով է տարել, ինձնից ինչո՞ւ է ուզում»:
Ես չեմ իմացել այդ դեպքի մասին: Իմացել են մայրը, եղբայրը, ընկերը: Փող են առաջարկել, ասել է՝ «չէ, ես այդ վաշտի համար այդքան գործ եմ արել, ամբողջ վաշտն եմ վերանորոգել, իրենք չեն կարող ինձնից փող ուզել»: Նա շատ ազնիվ երեխա էր, չէր պատկերացնում գլխի գալիքը»:
Զինծառայողի հորաքույրը պատմում է, որ Ներսեսը զանգել է եղբորը, որն այդ ժամանակ Մոսկվայում է եղել, և ասել է, որ «սենց բան ա եղել»: Եղբայրն ասել է՝ «Ապեր, փող ուղարկե՞մ, տար քցի դրանց բերանը», Ներսեսը, թե՝ «Ի՞նչ եմ արել, որ փող տանեմ տամ»:
Կ. Կարապետյանը պետմեց նաև, որ արձակուրդից վերադառնալուց հետո վաշտի հրամանատարն ասել է Ներսեսին` «Էսօր ոչինչ չես բերել, հա՞, տրամադրությունս բարձր ա, վաղը հետդ կխոսեմ». «Ու նրա ասած այդ վաղը, այդ չարաբաստիկ դեպքը եղավ»:
Ներսեսի հորաքույրը մեզ հետ խոսելիս հազիվ էր զսպում հուզմունքը, չէր կարողանում առանց արցունքի հիշել եղբորորդուն, անընդհատ կրկնում էր. «Երջանիկ ընտանիքս է քայքայվել, նման ընտանիք այս քաղաքում մեկ-երկու հատ են»:
Մայիսի 8-ին` վերադառնալով զորամաս` Ներսեսը զանգում է հորաքրոջն ու ասում. «Հոք, ես դիրքերում եմ». «Ասի` բալես, դե դու բոյով ես, գլուխդ կախ կպահես` հանկարծ թուրքի գնդակը քեզ չկպնի»:
Կ. Կարապետյանն ասաց, որ այժմ արձագանք են պահանջում ՀՀ պաշտպանության նախարարությունից. «Ուզում ենք, որ մեր (առայժմ) հարգարժան նախարարը` Սեյրան Օհանյանը, արձագանքի: Արդեն 19 օր է: Երեխան նարկոմա՞ն էր, հարբեցո՞ղ էր, ազգի դավաճա՞ն էր: Ոչինչ չեն ասում մեզ, ու ոչ մի ձերբակալված չկա: Վաշտի հրամանատարը դեռ աշխատում է»:
Նա նշեց, որ Ներսեսի զենքը փչացած է եղել ու գտնվել է վաշտում. «Ինքը եղել է ուրիշի զենքով: Ի՞նչ իրավունք ունեն մեր հայկական բանակում փչացած զենք պահել: Եղել է 2 կրակոց, մեկը դիպչել է իրեն, մեկը` ոչ: Նույնիսկ հրամանատարն ասել է` «Բացառվում է` Ներսեսն ինքնասպանություն գործած լինի, և ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկի ձեռքը նրան կպած լինի», բայց մենք արդեն կարծում ենք»:
Նա ասաց, որ ուզում է, որպեսզի լրատվամիջոցներն արձագանքեն, որ նախարարը մեզ մի բան ասի. «Ես ուզում եմ մի բան ասել, ուզում եմ լուսաբանվի, մենք արդեն պայթում ենք»:
Կ. Կարապետյանը նշեց, որ Ներսես Կարապետյանի ընտանիքում կար 9 երեխա. «Երկու քույրերը և մեծ եղբայրը ամուսնացած են: Ինքը հինգերորդն էր: Մենք 4 հատ էլ փոքր ունենք: Իրենք 5 եղբայր էին, 4 քույր: Երկու եղբայրները ծառայել են, բայց էլ տղա չունենք հայկական բանակ ուղարկելու համար: Երկու փոքր տղաներ ունենք, բայց ինչի՞ մասին է խոսքը: Ներսեսիցս հետո իր երկու եղբայրներին բանակ ուղարկե՞մ: Բացառվում է: Եթե ուժս չպատի, ես նենց կանեմ` իրենք հանցագործություն կանեն: Թող գնան դատվեն, ավելի լավ է, քան գնան հայկական բանակ»: