Ինչ է սպասվում ասօր Աստանայում
Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս մասին օրերս հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, իսկ պայմանագիրը, ինչպես նախատեսվում է, ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Հայտնի է, որ ստորագրման արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, և, ի թիվս այլ հարցերի, Աստանայում կողմերը քննարկելու են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցը: Չնայած սրան` չկա որևէ տեղեկություն այն մասին, թե կոնկրետ ե՞րբ է Հայաստանը ստորագրելու այդ միությանն անդամակցելու պայմանագիրը:
Այս հարցը` Հայաստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրելո՞ւ է Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը, թե՞ ոչ, երեկ լրագրողները Սարդարապատի հուշահամալիրում ուղղեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ի պատասխան` նա ասել է. «Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Այն, ինչ հայտարարված է, նա է լինելու»: Իսկ ճշտմանը, թե այսինքն` չի՞ ստորագրվելու, Նալբանդյանը կրկին տվեց շատ հակիրճ պատասխան` «Աստանան կկայանա` կտեսնեք»։
Եթե հաշվի առնենք, որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, ապա կարելի է եզրակացնել, որ առնվազն մայիսի 29-ին Հայաստանը որևէ պայմանագիր չի ստորագրելու, թեև ավելի վաղ պետական պաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանը Մաքսային միության պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին:
Չնայած այս հանգամանքին, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունն Աստանայում կարող է, այնուամենայնիվ, ստորագրել ինչ-որ փաստաթուղթ: Սակայն փորձագետը դժվարանում է ասել` դա կլինի Մաքսային միությա՞ն, թե՞ ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:
«Եթե ուշադրություն եք դարձրել, Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ մայիսի 29-ին Աստանայում սպասվում է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստ, որի ժամանակ Հայաստանը նույնպես փաստաթուղթ է ստորագրելու: Ճիշտ է, նա չասաց` ինչ փաստաթուղթ է, բայց ասաց, որ ինչ-որ մի բան ստորագրելու է: Ես ավելի շատ հակված եմ ենթադրելու, որ Ռուսաստանի ղեկավարությունն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ փաստաթուղթ դեմ կտա Հայաստանին, որպեսզի վերջինս ստորագրի: Դա կլինի Եվրասիական տնտեսական միության հիմնադի՞ր փաստաթուղթը, թե՞ Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը, չեմ կարող ասել: Չի բացառվում, որ Հայաստանը ստորագրի հենց Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթը»,- «168 Ժամի» հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը:
Իսկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ` նշեց` այն փաստը, որ այսօր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ այդքան անորոշ վիճակ է` ժամկետների և մոտեցումների առումով, նշանակում է, որ բանակցելու շատ հարցեր կան:
Թևան Պողոսյանի կարծիքով` նույնիսկ, եթե լուծվեն Մաքսային միության անդամակցության հետ կապված տնտեսական, տեխնիկական հարցերը, որոնք դեռ բանակցությունների փուլում են, միևնույն է, առաջնային է լինելու հարցի քաղաքական բաղադրիչը, որն առնչվում է ղարաբաղյան հիմնախնդրին և միության երեք երկրների` Ադրբեջանի հետ հարաբերություններին:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի շահերից բխում է Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին: Եվրասիական տնտեսական միության երկրները, օրինակ` Ղազախստանը և Բելառուսը, մեծ խնդիր ունեն` կապված Հայաստանի անդամակցության հետ, ինչը պայմանավորված է Ադրբեջանի հետ իրենց հատուկ հարաբերություններով և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդեպ հատուկ վերաբերմունքով: Այնպես որ, մի կողմից` շատ լավ է, որ Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվի:
Այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ միությունը, և եթե անդամակցությունն իսկապես կբխի Հայաստանի շահերից, այդ ժամանակ նոր կմտածենք անդամակցության մասին: Իսկ եթե ոչ, շատ նորմալ գործընթաց է, որ հարցը ձգձգվեց, ձգձգվեց և չկայացավ: Ես ինքս չեմ հավատում կոնկրետ Մաքսային միության ծրագրին, և որքան Հայաստանը քիչ ինտեգրվի այս ուղղությամբ, այնքան լավ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախորդ նիստից հետո, որը տեղի ունեցավ Մինսկում, Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջում նշվել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի մշակումն ավարտել մինչև 2014 թ. հունիսի 1-ը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն էլ «168 Ժամին» հարցի առնչությամբ ասել էր, թե պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ իրենք հավելյալ կտեղեկացնեն: