Հունվար-ապրիլին Վրաստանի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 50 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 252 միլիոն դոլար՝ Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 7.3 տոկոսը:

Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Դրանց համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 50.4 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 87 միլիոն դոլար (ողջ արտահանման 9.4 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստան ներկրումը՝ 164.5 միլիոն դոլար (ողջ ներկրման 6.6 տոկոսը):

Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որի հետ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 520.1 միլիոն դոլար (Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 15.1 տոկոսը): Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 392 միլիոն դոլար և 11.4 տոկոս:

Առաջատար տասնյակում են գտնվում նաև Չինաստանը (228.5 միլիոն դոլար, 6.6 տոկոս), Ուկրաինան (226.1 միլիոն դոլար, 6.6 տոկոս), Հայաստանը (180 միլիոն դոլար, 5.2 տոկոս), Գերմանիան (165 միլիոն դոլար, 4.8 տոկոս), ԱՄՆ-ը (160 միլիոն դոլար, 4.6 տոկոս), Բուլղարիան (125 միլիոն դոլար, 3.6 տոկոս), Ճապոնիան (99.2 միլիոն դոլար, 2.9 տոկոս):

2014 թվականի հունվար-ապրիլի ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության ծավալը կազմել է 3441 միլիոն դոլար, ինչը 14 տոկոսով գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը:

Տեսանյութեր

Լրահոս