
Ցուկերբերգին կանչել են իրանական դատարան

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական դատարանը Instagram-ի ու WhatsApp-ի օգտատերերի անձնական կյանքին միջամտելու գործի շրջանակներում հարցաքննման է կանչել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Գործակալության տվյալներով՝ շատ քիչ հավանական է, որ Ցուկերբերգը ներկա կգտնվի լսումներին: Իրանական դատարանը նախորդ շաբաթ արգելափակել էր Instagram-ը՝ կապված երկրի քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության սպառնալիքի հետ: Սակայն տվյալ հարցում վերջնական որոշումը պետք է ընդունի Իրանի կապի նախարարությունը:
Ներկա դրությամբ Իրանի տարածքում սահմանափակված չէ հավելվածից օգտվելը: Facebook սոցցանցն Իրանի տարածքում արգելափակվել է 2009 թվականին, երբ երկրում ընթանում էին նախագահական ընտրություններ, որոնց հաջորդեցին բողոքի զանգվածային ակցիաներ: Ներկա դրությամբ Իրանում արգելափակված են նաև Twitter-ն ու YouTube-ը: