Անաստաս Միկոյանի թոռը դեմ է պապի արձանի տեղադրմանը. «ՀԺ»

««Սկզբունքորեն դեմ եմ որևէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում և մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ», – երեկ «ՀԺ»-ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ և կոմպոզիտոր, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեկնաբանել է իր պապի արձանը Երևանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը։

«Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ։

Մայիսի 14-ին մեր թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին։

Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին և գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին և հրապարակումներին։

Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների և Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները։

Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը։ Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որևէ հուշարձանի տեղադրմանը, և որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում և մտքի մեջ, այլ ոչ՝ գրանիտի և բրոնզի։

Ստաս Նամինի այս արձագանքը ավելի մեծ նշանակություն է ստանում հատկապես Երևանի քաղաքապետարանի այն պնդումներից հետո, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի միջնորդագրին ընդառաջելով, որոշում է կայացրել Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրել մայրաքաղաքի Մոսկովյան պուրակում, ինչը հանրության որոշակի շրջանակում դժգոհություն է առաջացրել:

Մեծ խումբ մարդիկ պնդում են, որ Միկոյանի ձեռքերն արյունոտ են. նա Ստալինին առաջարկել է գնդակահարել 700-ով ավելի հայ, քան նախատեսված է եղել, ինչպես նաեւ՝ Միկոյանը ստորագրել է Կատինում հազարավոր լեհ սպաներին գնդակահարելու փաստաթղթի տակ:

Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը քննադատեց ոչ միայն հայ հանրության մի հատված (իհարկե, պաշտպաններ էլ կային), այլեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում դեսպանն ասել էր, որ Միկոյանի արձանը կանգնեցնելը անբարոյական է: «Կատինը հանցանք էր մարդկության դեմ, եւ որոշ գիտնականներ այն սահմանում են որպես ցեղասպանություն: Հետեւաբար, Միկոյանի նման անձանց արձանը կանգնեցնելը, կարծում եմ, անբարոյական է, եւ ստեղծում է քաղաքական ու տնտեսական գաղափարների անհամաձայնություն:

Ցանկացած ազգի գործն է՝ կանգնեցնել այն մարդու արձանը, ում որ ինքը ցանկանում է: Ես այստեղ ոչ մի ասելիք չունեմ: Բայց խնդրում եմ, հարցրեք այն ընտանիքներին, որոնց հարազատները գնդակահարվել են ԽՍՀՄ տարիներին, թե ինչ են նրանք ցանկանում: Դա ձեր գործն է, ձեր արձանն է եւ ձեր որոշումը, բայց ինձ համար՝ անհասկանալի»,- ասել էր Լեհաստանի դեսպանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս