Պետական այրը պետք է ունենա անթերի կենսագրություն
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:
– Պարոն Մեսրոբյան, ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն այսպիսի միտք է արտահայտել, մեջբերեմ. «Մեր քաղաքական համակարգը արդիականացման մեծ կարիք ունի: Այն գերանձնավորված է և գերկենտրոնացված: Ակնհայտ անհամամասնություն կա տարբեր մարմինների լիազորությունների իրական ծավալի և նրանց քաղաքական պատասխանատվության միջև: Գործադիր իշխանության համակարգն անկատար է, չունի ներքին կուռ տրամաբանություն, գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում: Այս ամենը բոլորովին էլ չի նպաստում արդյունավետ կառավարմանը, պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահությանը»: Ինչպե՞ս կգնահատեք:
– Ընդհանուր առմամբ՝ ախտորոշման հետ համաձայն եմ: Դրա մասին ես էլ շատ էի խոսում, որ մեր պետական կառավարման համակարգը 1991-ից իրենից ներկայացնում է՝ նախկին պետական կառավարման համակարգը կարկատելով պահել 23 տարի: Եվ, իրոք, կա խնդիր, պատասխանատվության հարց է տարբեր պետական մարմինների մասով, ընդհուպ՝ մինչև անձնական պատասխանատվության խնդիր: Մյուս կողմից՝ խնդիրը միայն այս հարթության մեջ լուծում չունի, որովհետև 23 տարի, մերթ՝ իշխանական թևում, մերթ՝ ընդդիմությունում հայտնվող այդ քաղաքական համակարգի վերնախավի ներկայացուցիչներն իրենք գրեթե 100%-ով պետք է այսօր չլինեն ո´չ իշխանության, ո´չ պետական կառավարման համակարգի վերնախավում, որովհետև մարդիկ 23 տարի հիմնականում գրանցել են անհաջողություններ: Սա նշանակում է, որ մարդը, որը միշտ անհաջողություններ է արձանագրել, նույնիսկ հոգեբանական մակարդակով ուղղակի ի վիճակի չէ հաջողություն արձանագրել անգամ ամենակատարյալ համակագում: Ես մեր վերնախավի գրեթե 100%-ին պետական կառավարման իմաստով համարում եմ անհաջողակների ակումբ, նրանք պետք է ասպարեզը մաքրեն:
Եվս մի խնդիր՝ մենք մեկ կարևոր հարցի պատասխանն այնուամենայնիվ պետք է տանք, որովհետև, եթե այդ հարցի պատասխանը չունենք, անհնարին է պատասխանել, թե ինչ տեսակի պետական կառավարման համակարգ է պետք: Հարցը հետևյալն է՝ ի՞նչ տեսակի պետություն ենք ուզում ունենալ: Թե´ նախագահական պետական կառավարման համակարգերը, թե´ կիսանախագահական, թե´ խորհրդարանական կառավարման համակարգերը ողջ աշխարում սպառվում են: Հիմա օրակարգում է նոր տեսակի պետական կառավարման համակարգի ստեղծումը:
– Այսինքն՝ ո՞րն է այդ համակարգը:
– Օրինակ՝ Ֆրանսիան 19-րդ դարից ի վեր 5 անգամ փոխել է պետական կառավարման համակարգը: Դրա համար ֆրանսիական պետությունն այժմ կոչվում է 5-րդ հանրապետություն: Այդ փորձարկումները, մերթ՝ նախագահական, մերթ՝ ավելի շատ խորհրդարանական, կիսանախագահական և այլն, միայն այն փաստը, որ 2 դարի ընթացքում այդ լուրջ պետությունը 5 անգամ փոխել է համակարգը, ցույց են տալիս, որ դրանք սպառված են, երկար ժամանակ չեն աշխատում: Սա շատ վառ ապացույց է, որ այդ 3 տեսակի կառավարման համակարգերից պետք է հրաժարվել և ներդնել նոր պետական կառավարման համակարգ, որը համահունչ կլինի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:
– Համագումարում Սերժ Սարգսյանը խոսել է նաև ՀՀԿ-ի ինքնամաքրման, հզորության ու աճի մասին և մի միտք է հայտնել, որ «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի՝ ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»: Ըստ Ձեզ՝ սա նշանակում է, որ օրենքը փոխարինում է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն՝ օրենքի՞ն, ՀՀԿ-ն այլևս գործադիր մարմի՞ն է…
– Ես միանգամից ասեմ՝ մենք որ խոսում ենք պետական կառավարման համակարգի մասին, որ գրեթե ամբողջությամբ պետք է փոխել, նաև բնական է, որ խոսքը գնում է պետության տարածքների կառավարման իմաստով: Եվ այստեղ միշտ պետք է գտնել այն հավասարակշռությունը, թե որ ֆինանսական միջոցները և որ լիազորություններն այդ ֆինանսական միջոցներին համապատասխան պետք է լինեն տեղում, բայց խիստ հաշվետվությամբ կենտրոնին, և որոնք պետք է լինեն կենտրոնում: Խոսքը բյուջետային միջոցների մասին է՝ որն է մնում տեղական բյուջեում, որն է գնում կենտրոնական բյուջե: Դա էլ պետք է նայել ամբողջ կառավարման համակարգի փոփոխման համատեքստում: Այդ մոտեցումները՝ կապել խնդիրները կուսակցության հետ, չաշխատող մոդելներ են, որովհետև կուսակցությունները գալիս-գնում են, ֆիզիկապես վերանում են, նրանց դերակատարությունն է փոխվում՝ կարող են լինել ընդդիմություն կամ իշխանություն: Այսինքն՝ փոփոխվողի վրա շեշտը չեն դնում: Շեշտը պետք է դրված լինի կայուն, ճկուն և արդյունավետ պետական կառավարման համակարգի վրա և այդ շրջանակներում լուծվեն թե´ համապետական, թե´ տեղական խնդիրները:
Մեր երազած պետությունն ունենալու համար մի հարց էլ կարևոր է՝ դա արժեհամակարգն ու այն բարոյական նորմերն են, որ իշխում են Հայաստանում: Խնդիրն այն է, որ պետական այրը որպես պետական այր լինելը շարունակելու համար պետք է ունենա անթերի կենսագրություն: Կարելի է շատ լավ համակարգեր մշակել, շատ լավ փաստաթղթեր, Սահմանադրություն և այլն, բայց եթե այդ համակարգի և այդ հիմնարար փաստաթղթերի կրողները բարոյականութան հետ խնդիրներ ունեն, այդ ամեն ինչը կմնա թղթի վրա: Այստեղ մի հանգամանք էլ պետք է հաշվի առնել՝ վերացական կոսմոպոլիտ պետությունների ժամանակն էլ է անցնում: Մենք պետք է հասկանանք, որ մեր ապագան իրոք ազգային պետության կայացման մեջ է: Տեսեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, աշխարհում՝ ազգային գործոնը կամաց-կամաց սկսում է առաջին պլան մղվել, որովհետև համահարթեցման, գլոբալիզացիայի պայմաններում տարբեր պետությունների խմբեր խնդիրներ ունեն: Եվ այդ խնդիրները տարեցտարի ուժեղանում են: Իսկ մեզանում կան մարդիկ, որ աշխարհի մարդիկ են, վերացական լոզունգների տակ աղմուկ-աղաղակ են հանում: Այն մարդիկ, որ հասկանում են պետական կառավարումը և ուշադիր հետևում են աշխարհի միտումներին, իրենք կտեսնեն, որ այս ամեն ինչը շատ դանդաղ նահանջ է ապրում: Ապագան պետք է լինի ազգային, մրցունակ պետություններում: Միայն այն փաստը, որ նույն Եվրպայում տրոհում է գնում՝ Շոտլանդիան ուզում է անջատվել Մեծ Բրիտանիայից, Իսպանիայում 2 նոր սուբյեկտ կարող է առաջանալ, Բելգիայում պարբերաբար ընդհարումներ են լինում, Չեխոսլովակիան բաժանվեց Սլովակիայի և Չեխիայի, Ուկրաինայում ռուսական և ուկրաինական էթնիկ տարրերի խնդիրը, և այլն, նման օրինակները բազմաթիվ են, և սա նշանակում է, որ ազգայնացման խնդիրն աշխարհում դարձել է պրոցես: Եվ քանի որ մենք խոսում ենք ՀՀ ապագայի մասին, մենք չպետք է հիմնվենք միայն վերջին մի քանի տասնյակ տարիների փորձի վրա, որովհետև վիճակը փոխվում է, և մենք պետք է կառուցենք այն, ինչ վաղն է լինելու: