Արամ Մանուկյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին. «Տեսնես կա՞ մի մարդ, ով հավատում է էս «Գյուլնազ տատի» հեքիաթներին»

«Սերժ Սարգսյանը կա´մ իսկապես չգիտի` ինչ է տեղի ունենում, կա´մ չտեսնելու է տալիս, կա´մ ուղղակի չգիտի` ինչ անի, դրա համար էլ չտեսնելու է տալիս: Դրանցից ոչ մեկն արդարացում չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) փոխնախագահ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Արամ Մանուկյանի կարծիքով` ՀՀ նախագահն ընդհանուր առմամբ չի անդրադառնում Հայաստանի մարտահրավերներին. մանրամասն չի անդրադառնում կառավարության փոփոխությանը, Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը այն իմաստով, թե ինչու է այդպիսի վիճակ ստեղծվել, ինչու ենք մերժված Եվրոպայից, ինչու ենք քշված Ռուսաստանից:

«Բացատրություն չկա: Կարծես տեսական մտքերի շարադրանք է, որը կարող է լինել ցանկացած երկրի համար»,- ասում է Արամ Մանուկյանը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում Հանրապետական կուսակցությանն անվանել էր երկրի ամենամեծ հասարակական կառույց և ավելացրել, թե «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին»:

Կարդացեք նաև

Արդյոք սա չի՞ նշանակում, որ իշխանությունը բացահայտորեն հայտարարում է` պետությունը ես եմ:

Ի պատասխան այս հարցադրմանը` Արամ Մանուկյանը նշեց, որ դա որպես զավեշտ է դիտարկում:

«Հովսեփյանի դեպքը «հուզում է» բոլորիս, իշխող կուսակցության և ընդդիմության` պետության երկու ձեռքերը լինելու մասին «հանճարեղ» քաղաքական վերլուծությունը գոհար է քաղաքագիտական դասագրքերի համար: Զավեշտ է նաև այն միտքը, թե իր կուսակցությունն աճում է: Նա խոսում է մի կուսակցության հաջողությունների և աճի մասին, որից երկու տարվա ընթացքում հեռացել են երեք քաղաքական ուժեր: Հարց տամ` իսկ կարո՞ղ է` մի քանի տարի հետո Հանրապետականի անդամների քանակն ավելի շատ լինի, քան Հանրապետության բնակչության թիվը: Հասարակությանն այդպիսի վիրավորանք չի կարելի հասցնել:

Հասարակությունը վիրավորված է, հասարակությունն արտագաղթում է: Ես նայել եմ մարդկանց, ովքեր այդ համագումարին ներկա էին, և խոսել եմ ոմանց հետ: Նրանք ոչ թե դժգոհ են, այլ ուղղակի հայհոյում են, նրանք պարզապես ստիպված են այնտեղ նստած, որովհետև աշխատում են համակարգում: Սա կույր ձևանալու ներկայացում է` երկրի հետ բացարձակապես կապ չունեցող, ուրիշ ոչինչ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մեր զրուցակցին այս առումով առավել տպավորել էր Ֆեյսբուքում Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ քաղաքացիներից մեկի մեկնաբանությունը` «տեսնես կա՞ մի մարդ, ով հավատում է էս «Գյուլնազ տատի» հեքիաթներին»: Արամ Մանուկյանի կարծիքով` սա ամբողջովին նկարագրում է Սերժ Սարգսյանի ելույթի էությունը:

«Ես լիովին համամիտ եմ այդ խոսքերի հետ: Սա ուղղակի ամոթ է: Մտածում եմ` եթե արտասահմանցիներից ինչ-որ մեկը նայի այս ելույթը, մեզ պարզապես կծաղրեն, թե արդյոք սա՞ է երեք հազար տարվա մշակույթ ունեցող երկիրը»,- ավելացրեց ՀԱԿԿ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս