Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական Бал-Э առափնյա հրթիռային համալիրների գնմամբ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական Бал-Э առափնյա հրթիռային համալիրների գնմամբ: Այս մասին թերթին հայտնել է այդ համալիրներն արտադրող «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը:
Վերջինիս խոսքերով՝ համալիրների մատակարարման շուրջ դեռ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Թերթի տվյալներով՝ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն իսկ համապատասխան հայտը ներկայացրել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայությանը:
Խոսքը դեռ գնում է Бал-Э-ի միայն մեկ դիվիզիոնի գնման մասին: Ադրբեջանը մտադիր է հրթիռային այդ համալիրների օգնությամբ ամրացնել Կասպիցի ափամերձ պաշտպանությունը:
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը թերթին հայտնել է, որ արդեն իսկ անցկացվել են այդ համալիրներն Ադրբեջանին մատակարարելու շուրջ նախնական բանակցությունները, և որ ռազմատեխնիկական համագործակցության գծով նախագահական հանձնաժողովն արդեն իսկ թույլատրել է գործարքը:
Ռուսաստանի իշխանությունները չեն ակնկալում, որ պոտենցիալ գործարքը կհարուցի Հայաստանի բացասական արձագանքը, քանի որ Бал-Э-ն կարող է «ծածկել» ծովային տիրույթ, մինչդեռ Հայաստանը ելք չունի դեպի Կասպից ծով: Պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կդառնա տվյալ համալիրները գործածող աշխարհի երրորդ երկիրը՝ Ռուսաստանից ու Վիետնամից հետո: