Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ լուսավորել «Նաիրիտի» պատմության մութ էջերը

Այս տարվա փետրվարի 24-ին Սոչիում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ հայտարարել էր, թե «Նաիրիտ» գործարանի խնդիրը շուտով կլուծվի, թեև պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին խոսք չկար: «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը` կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր:

Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտի» աշխատողները»,- լրագրողներին ասել էր Տ.Սարգսյանը:

Երկու օր անց Տ.Սարգսյանը գրեթե նույնը կրկնել էր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում` շեշտելով, որ ամեն ինչ որոշված է, մնացել են միայն տեխնիկական խնդիրները: Տ.Սարգսյանը նաև փութացել էր հերքել իր և իր եղբոր հասցեին հնչող մեղադրանքները` «Նաիրիտի» թալանի հետ կապված, ու ամեն ինչ բարդել էր «քաղաքական շահարկումների» վրա, իբրև թե դա «քաղաքական պայքարի ձև» է:

Տիգրան Սարգսյանն այս ամենը հայտարարում էր, երբ իր հրաժարականի դիմումն արդեն գրել էր և քաջ գիտակցում էր, որ չիրականացված խոստումները ժառանգելու է հաջորդ վարչապետին: Այժմ «Նաիրիտի» շուրջ 400 մլն դոլար պարտքը, որից շուրջ 130 մլն դոլարը` ԱՊՀ Միջպետական բանկին, 12 մլն դոլարից ավելին` աշխատավարձի գծով, հուսախաբ եղած 2500-3000 աշխատակիցների «բեռը», նոր կառավարության ուսերին է:

Կարդացեք նաև

Օրերս Հովիկ Աբրահամյանը «Նաիրիտի» վերագործարկման հարցը «բարդ խնդիր» է անվանել ու նշել է, որ ուզում են հանձնաժողով ստեղծել, որպեսզի որոշում կայացնեն` «Նաիրիտն» ընդհանրապես հնարավո՞ր է գործարկել, թե՞ ոչ: Հարցին` արդյոք «Ռոսնեֆտը» հրաժարվե՞լ է «Նաիրիտից», վարչապետը պատասխանել է, որ որևէ նման որոշում դեռ չկա, իսկ Էներգետիկայի նոր նախարարը քննարկում է բոլոր հնարավոր լուծումները:

Սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանը «168 Ժամի» հետ զրույցում հուսադրող ոչինչ չասաց հայկական քիմիական երբեմնի հսկայի ճակատագրի հետ կապված:

Ըստ նրա` աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի, բայց թե երբ, դեռ պարզ չէ. «Այս ամսվա աշխատավարձը կվճարեմ, բայց ես ժամկետներ չեմ ասել, կաշխատենք, որպեսզի հարցը լուծենք: Իսկ հետագայում ժամանակն է, որպեսզի այդ հարցում կոնկրետություն մտնի»: Մեր ճշտող հարցին` գործարանի վերագործարկմա՞ն մասին է խոսքը, Զախարյանը պատասխանեց.

«Ես չէի ասի` վերագործարկում, ես ընդհանրապես եմ ասում: Միգուցե վերագործարկում, միգուցե հակառակը, բայց որոշակիություն պետք է լինի, որպեսզի կոլեկտիվն իր անելիքներն իմանա, կառավարությունն էլ` իր անելիքները»:
Ե. Զախարյանը հրաժարվեց մեկնաբանել իր նախորդի` Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե մայիսի կեսերին ռուսական պատվիրակություն է գալու Հայաստան, և գործարանի հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն շեշտեց, որ որևէ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի և որևէ այց չի սպասվում: «Ռոսնեֆտի» հետ կապված` նախարարը հայտարարեց` «Ես ոչ մի նորություն չունեմ «Ռոսնեֆտի» վերաբերյալ»:

«Ռոսնեֆտի» կայքում «Նաիրիտի» մասին որևէ տեղեկատվություն չկա: Ռուսական մամուլը ևս լռում է նախկին վարչապետի «ավետած» «պատմական» գործարքի մասին, և «Նաիրիտը» վերջին անգամ այնտեղ հիշատակվել է Միջպետական բանկին ունեցած պարտքերի և դրա հետ կապված` Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կրած պարտության առնչությամբ:

Թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Երվանդ Զախարյանի հայտարարությունները հիմնովին ապացուցում են Տիգրան Սարգսյանի ու Արմեն Մովսիսյանի խոստումների ու հավաստիացումների կատարյալ սնանկությունը և տևական սուտը: Այժմ լիովին հստակ է, որ նախկին կառավարությանը չի հաջողվել համաձայնության գալ ռուսական ընկերության հետ, և հիմնական խնդիրը գործարանի թալանի արդյունքում գոյացած պարտքն է եղել, որ ռուսներն արդարացիորեն պահանջել են զրոյացնել:

Ուշագրավ է, որ թատերաբեմում «Ռոսնեֆտի» հայտնվելուն զուգընթաց` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Նաիրիտի» սնանկության դատական հայցն էր քննվում, որը 2013 թ. նոյեմբերին հարուցվել էր իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության պահանջով: Ընկերության ներկայացուցիչը պնդում էր, որ «Նաիրիտն» ունի գրեթե 27 հազար դոլարի պարտավորություն (հավելած տույժերը) և առկա է պարտավորության կատարման 330-օրյա կետանց:

Գործարանի ներկայացուցիչը հաստատել էր, որ իրանական ընկերության հետ նախկինում գործարքներ իրականացվել են, սակայն միաժամանակ կասկածներ էր հայտնում ներկայումս SandbadTir INTL Transport Co.LTD-ի գոյության վերաբերյալ: Եվ ահա Արմեն Մովսիսյանի պաշտոնանկությունից ընդամենը 5 օր առաջ իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը դիմում է ներկայացնում դատարան, որ Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռեգիստրից ընկերության գրանցման վերաբերյալ տեղեկություններ այդպես էլ չեն ստացվել, և խնդրում է կարճել գործը, ինչն էլ արվում է:

«Նաիրիտը», հիշեցնենք, անհասկանալի ու անտրամաբանական դատական քաշքշուկի մեջ էր եղել նաև օֆշորում գրանցված իրանական «Նումարդ Թրեյդինգ» ընկերության հետ, որը գործարանից պահանջում էր 882 մլն դոլար` պայմանագրով կատարված աշխատանքների դիմաց, բայց, ի վերջո, դատարանում պարտություն կրեց ու անհետացավ: ԴԱՀԿ-ն այսօր «Նումարդ Թրեյդինգից» պետք է բռնագանձի մոտ 248 մլն դրամ` պետտուրքի գումարը: Եվ, ըստ ամենայնի, ԴԱՀԿ կուղարկվի նաև SandbadTir INTL Transport Co.LTD-ից որպես պետտուրք 500 հազար դրամ բռնագանձելու որոշումը, որն այդպես էլ կմնա թղթի վրա:

Արժե հիշեցնել նաև անցած տարի ամռանը «Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի դեմ քաղաքացի Գառնիկ Շիրինյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր 200 հազար դոլար և 249 մլն 250 հազար դրամ: Դատական գործընթացի կեսին հանկարծ կողմերը համաձայնության եկան, ու գործը կարճվեց:
Մինչ օրս պաշտոնապես պատասխաններ չտրվեցին, թե «Նաիրիտի» թալանի, օֆշորային մութ պատմությունների, որ որոշ չափով բացահայտվեցին «Հետք» պարբերականի ջանքերով, դատական գործընթացների ետևում ովքե՞ր են կանգնած:

Ո՞վ այդքան կարող գտնվեց, որ արգելեց Ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչությանը` դադարեցնել գործարանում ստուգումները, երբ դրանք լուրջ չարաշահումներ էին բացահայտել, կամ կարճել այդ բացահայտումների հիման վրա Ոստիկանությունում հարուցված քրեական գործը, և այլն, և այլն: Մինչդեռ գործարանում այսօր էլ շարունակվում է սարքավորումների թալանը: Մնում է սպասել` այս խնդիրները կարժանանա՞ն նոր կառավարության և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրությանը, թե՞ դրանք չափազանց մութ պատմության մաս են, որի վրա լույս սփռելը կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս