«ԴԵՄ եմ»-ը կոչ է անում օրենքի վավերացումից հետո միահամուռ կերպով դիմում գրել գործատուներին և հրաժարվել պարտադիր վճարումներ կատարելուց
«ԴԵՄ ԵՄ մանկավարժներ և գիտաշխատողներ» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ.
«Կրթության և գիտության ոլորտի սիրելի´ կոլեգաներ: Ինչպես հայտնի է, «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մշակված նոր տարբերակը, որը շուտով կհրապարակվի և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը, հնարավորություն է տալիս օրենքով սահմանված ընթացակարգով հրաժարվել պարտադիր վճարումներ կատարելուց` գործատուին դիմումներ գրելու միջոցով:
Այսօրվա դրությամբ շատ դպրոցների, բուհերի ու գիտական հիմնարկների աշխատողներ պատրաստ են օրենքով նախատեսված այդ քայլին: Ուստի կոչ ենք անում բոլորիդ` տեր կանգնել ձեր իրավունքներին, և օրենքի վավերացումից ու պաշտոնական հրապարակումից հետո, միահամուռ կերպով դիմում գրել ձեր գործատուներին: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կզգան ճնշումներ կամ մտավախություններ կունենան այս կամ այն հարցերում` դիմումներ գրելու հետ կապված, կարող են գրել այս [email protected] էլ. հասցեին, որպեսզի միասին աշխատենք ճիշտ և համաձայնեցված քայլերով` մեր ընդհանուր նպատակին հասնելու համար: Գաղտնիությունն ապահովված ու երաշխավորված է:
Հարգանքներով` «ԴԵՄ ԵՄ մանկավարժներ և գիտաշխատողներ» նախաձեռնող խմբի անդամներ»: