Բաժիններ՝

Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղին բացվելո՞ւ է

«Ամիսներ առաջ Նախիջևանի հիմնախնդրի լուծման հարցում արմատական զարգացումների վերաբերյալ մեր նախաձեռնության ներկայացրած կանխատեսումն իրականություն դարձավ:

Օրերս Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ախունդը Ջուլֆա կատարած իր այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ:
Իրանի և Արևմուտքի հարաբերությունների արմատական վերանայման ներկայիս գործընթացի պայմաններում Նախիջևանի հիմնախնդրի նկատմամբ Իրանի այս շահագրգիռ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ այդ հիմնախնդիրը հետզհետե վերածվում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումների գործոնի:
Նախիջևանի հիմնախնդրի այսպիսի արդյունավետ լուծումը ձեռնտու չէ տարածաշրջանում առկա մի շարք ուժերին:

Մասնավորապես՝ Ռուսաստանը փորձում է Մաքսային Միության մեջ ներգրավելով մեկուսացնել Հայաստանին և խափանել Իրանի հետ ռազմավարական կապեր հաստատելու միջոցով տարածաշրջանային գործոնի վերածվելու նրա հեռանկարը: Բնականաբար՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանն ակտիվ կերպով խաղարկում է նաև Արցախյան հիմնախնդիրը:

Նախիջևանի հիմնախնդրի լուծման իրանական տարբերակը իրական հեռանկար է ապահովում Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու, մեր ազգային խնդիրները լուծելու և բոլոր կողմերի միջև կամուրջ-խաչմերուկի դեր ստանձնելու միջոցով թռիչքային զարգացման համար:

Մինչդեռ Մաքսային Միության մաս կազմելով՝ Հայաստանը կմեկուսանա տարածաշրջանից և քայլ առ քայլ կկորցնի ոչ միայն ինքնիշխանությունը և զարգացման հեռանկարը, այլև ազգային գոյության բոլոր նախադրյալները:
Այս ամենի հաշվառմամբ՝ մեր ժողովրդին, առաջին հերթին՝ երիտասարդությանը, կոչ ենք անում համախմբվել ու պայքարել հանուն մեր ինքնիշխանության վերականգնման, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի ռազմավարական հարաբերություններ հաստատել հարևան Իրանի հետ, տեր կանգնել Նախիջևանին ու որոշել մեր ապագան»:

«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնություն
24.05.2014 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս