ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ
Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարեւորեց բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձեւաչափերով համատեղ քննարկումները:
Ըստ հաղորդագրության՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծեց, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, եւ անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: