
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 Արձանագրությունը: