Բաժիններ՝

Շիրակի մարզի ճանաչված ատամնաբույժն ապրում է տուն-ինտերնատում

Asparez.am-ը գրում է. Գյումրու տուն-ինտերնատի աստիճանները տանում են դեպի ամենատարեց բնակչի սենյակ:

Սենյակից սենյակ անցնելով՝   թղթակիցը հանդիպեկ լ է  91-ամյա Քնարիկ Մարգարյանին` աթոռին նստած: Կոկիկ ու մաքուր հագնված կինը ժպտում է ուրախ ու բարեւում. տեղյակ չէ այցելության մասին:

«Վաստակավոր ատամնաբույժ եմ եղել, իմ անունով գիրք է տպվել ռուսերեն, ես երկար ժամանակ աշխատել եմ ատամնաբույժ»,-երկար զրույցից հետո իր մասին խոսելով` պատմում է տարեց կինը:

Քնարիկ Մարգարյանը եղել է երկու եղբայրների միակ քույրը, ծնվել է Թիֆլիսում: Եղբայրները, ինչպես ինքն է պատմում, հայտնի դերձակներ են եղել: Ատամնաբույժի մասնագիտությունը նա ստացել է Լենինականում, իսկ գիտելիքները կիրառել Արթիկի պոլիկլինիկայում. հաճախորդներին այսօր շատ աղոտ է հիշում: Նրա անցյալի հիշողություններում տպավորվել են միայն աշխատանքի մի քանի դրվագներ:

«Մարդիկ գալիս էին, լուսամուտից նայում, թե ինչպես եմ աշխատում. շատ էին գալիս, նայում լուսամուտից, ես իրենց չէի նայում, աշխատում էի սիրով»,-ասում է նա:

1988-ի երկրաշարժից հետո թողնում է Արթիկն ու բնակվում Լենինականում: Ատամնաբույժի իր աշխատանքը շարունակում է այստեղ: Աշխատասիրության, մասնագիտական գիտելիքների համար մարզի ատամնաբույժի մասին ռուսերեն գիրք է գրվում, ապա` թարգմանվում հայերեն: Գրքի հեղինակին այսօր կինը չի հիշում, գրքի օրինակ, ինչպես ասում է, ունեցել է. սակայն այլեւս չունի, չի հիշում, թե որտեղ է թողել:

Ինչպես պատմում է տուն-ինտերնատի աշխատակցուհին, մինչեւ վերջերս էլ նրա մոտ էին իր ատամնաբուժական ասեղները, մշտապես դրանք խնամքով պահում էր իր դարակում, այսօր արդեն դրանք չկան: Հին, սեւ ու սպիտակ լուսանկարներում ապարդյուն է փնտրել երիտասարդ ատամնաբույժին, նման նկար չունի 91-ամյա կինը, լուսանկարներում առաջին եւ երկրորդ ամուսիններն են, միակ դուստրը:

1988-ի երկրաշարժին Լենինականի թիվ 9 դպրոցի փլուզմանը զոհ է գնացել նրա միակ դուստրը` երկու թոռնուհիների հետ: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին, ինչպես պատմում են տուն-ինտերնատում, Քնարիկ տատը, սովորության համաձայն, իր պահոցից հանում է թոռնուհու եւ դստեր հագուստները, լվանում, արդուկում ու նորից խնամքով պահում: Գերեզման հասնելու հնարավորություն այլեւս չունի, չի կարող երկար ժամանակ ոտքի վրա կանգնել:

Հաստատության աշխատակցուհու խոսքով` հարազատները երբեմն են այցելում կնոջը, Գյումրիում է բնակվում նրա՝ երկրաշարժին զոհված դստեր միակ որդին: Ինտերնատում արդեն տեղյակ են` թոռը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:

Տուն-ինտերնատում կինն ապրում է արդեն 10 տարի, այսօր սենյակը կիսում է իրաքահայ կնոջ հետ, ով նրա մասին խոսում է բավականին հարգալից, Քնարիկ տատին նկարագրում որպես լավ ու բարի կնոջ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս