
Մարզահամերգային համալիրի տնօրինությունը ապօրինի է համարում աճուրդը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը ապօրինի է համարում ԴԱՀԿ-ի կողմից համալիրը հարկադիր աճուրդի հանելու փաստը:
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրինությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձ է անում իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ, ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն:
Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի եւ ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ:
Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձեւակերպելու պայմանին եւ պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին:
ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից:
Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ»: