Նոր մանրամասներ` դատապարտյալի առեղծվածային մահվան մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ «Կոշ» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ, 46-ամյա Արտավազդ Գոհարյանը: «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արտավազդի բերանից արյուն է եկել և ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց:

Աշտարակի բժշկական կենտրոնում Արտավազդին հետազոտել են և ասել, թե որևէ լուրջ խնդիր չկա: «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները դատապարտյալին տեղափոխել են ՔԿՀ, և հաջորդ օրը Արտավազդը մահացել է:

Այսպիսով, առնվազն տարօրինակ ընթացք է ստանում դեպքը: Ինչպես է ստացվում, որ բժիշկները վստահեցնում են, թե դատապարտյալի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ օր հետո նա մահանում է: Արդյո՞ք կատարվածը բժիշկների անփութության հետևանք է, թե մեկ այլ անհայտ պատճառով է տեղի ունեցել։ Հուսով ենք՝ կպարզի նախաքննությունը, որն իրականացնում է ՀՀ ոստիկանության Աշտարակի քննչական բաժինը: Մինչ պաշտոնական քննության արդյունքների ի հայտ գալը, «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ հանգամանքներ պարզաբանել «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանից, ով տեղյակ էր դատապարտյալի դեպքի մանրամասներին և վստահեցրեց, որ հիվանդանոցի բժիշկները որևԷ սխալ թույլ չեն տվել:

«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք բժիշկները որևէ սխալ թույլ չեն տվել, Արթուր Հովհաննիսյանն ասաց.

«Ինչ կատարվել է, եղել է ՔԿՀ-ի ներսում և դատապարտյալը մահացել է գանգուղեղային լուրջ վնասվածքների արդյունքում, իսկ թե ինչ կպարզի քննությունը՝ ոչինչ ասել չեմ կարող: Շտապօգնության կանչ է եղել քրեակատարողական հիմնարկ, ու հասկացել են, որ դատապարտյալը համապատասխան հետազոտության պետք է ենթարկվի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Իրենց նշելով դատապարտյալի բերանից արյուն է եկել: Ստուգել ենք, ստամոքսին զոնդ է դրվել, ստամոքսի լվացում է կատարվել և ոչ մի արյան հետք չի եղել»:

Ըստ Աշտարակի ԲԿ-ի տնօրենի տեղեկությունների` դատապարտյալը ստամոքսի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, թոքերում արյուն չի եղել և իրենց հետազոտությունը ճիշտ է եղել: «Տեղեկացել եմ, որ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա: Բայց պետք է ասեմ, որ մեզ մոտ ստուգման ընթացքում նա գանգուղեղային տրավմա չի ունեցել, իսկ թե դա երբ է ստացել և ինչ պայմաններում, ոչինչ չեմ կարող ասել, բայց գլխին լուրջ տրավմատիկ վնասվածքներ են եղել»,-շեշտեց ԲԿ-ի տնօրենը:

Ըստ տնօրենի` գանգուղեղային տրավման կարող է առաջանալ միայն կա՛մ վայր ընկնելու, կա՛մ հարվածի դեպքում: Ինչ հարվածի կամ վայր ընկնելու մասին կարող է լինելը խոսքը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիք Ստեփանյանի հետ: Ըստ ՔԿՀ պետի` Արտավազդը դատապարտյալների աչքի առաջ ընկել է ու մահացել. «Իրականությունը դա է, քննություն է կատարվում, ու երբ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, ըստ այդմ էլ կպարզվի, թե ինչ է եղել»»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս