Հասել ենք մի վիճակի, երբ նույնիսկ ընդդիմությունը բխում է իշխանությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ հաստատվել է նոր կառավարության ծրագիրը: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն ու նրա ձևավորած կառավարությունը,- եթե հավատանք Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որ Աբրահամյանին տվել է կադրային լիակատար ազատություն,- այսպես ասած` կնքվեցին խորհրդարանում, ինչին, իհարկե, քչերն էին կասկածում, կամ ոչ ոք չէր կասկածում:
Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հրաժարվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քվեարկելուց, սակայն այս հրաժարումով հանդերձ` ակնհայտ է, որ քառյակն այսօր այս կառավարության հանդեպ որդեգրել է, այսպես ասած, սպասողական դիրքորոշում:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ այս դիրքորոշումը պարզապես լավագույնն է կառավարությանը քննադատելուց խուսափելու համար` ասելով, որ նոր կառավարության գործը տեսնելու համար ժամանակ է պետք:
Այս տեսանկյունից, ժամանակ պետք չէ այլևս` հասկանալու համար քառյակի գործը: Եվ ոչ էլ նոր կառավարության գործը տեսնելու համար է ժամանակ պետք, քանի որ նոր կառավարությունն, ըստ էության, իր գործն անում է արդեն մոտ երկու տասնամյակ: Նոր կառավարությունում մեկ-երկու դեմք կա, որը Հայաստանի իշխանական համակարգում աշխատանքի ավելի քան մեկուկես տասնամյակի փորձ չունի:
Մյուս բոլոր դեմքերը այս կամ այն կերպ հանդիսացել են իշխանության առաջին դեմքեր, պարզապես տարբեր այլ դիրքերում: Այսպիսով, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայաստանյան խորհրդարանում, եղել է ընդամենը հայկական անկախ պետականության տեղապտույտի դրսևորումներից մեկը:
Մարդիկ պտտվել են, դասավորվել և վերադասավորվել, ու այստեղ նոր կառավարություն ասվածը և նոր կառավարության ծրագիր ասվածը ըստ էության պայմանականություն է: Հայաստանի իշխանական համակարգում ամեն ինչ մեկը բխում է մյուսից, և առավել ևս երբ հասել ենք մի վիճակի, երբ նույնիսկ ընդդիմությունը, այսպես ասած, բխում է իշխանությունից, կառավարության ծրագիր քննարկելը, կառավարության ծրագիր դիտարկելը դառնում է արդեն լիակատար ավելորդություն»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։