
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո են դրել Սիրիային առնչվող բանաձևի վրա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում վետո են դրել այն բանաձևի նախագծի վրա, որը նախատեսում էր Սիրիայում ռազմական հնարավոր հանցանքների փաստերի մասին թղթապանակը հանձնել Միջազգային քրեական դատարանին:
ՄԱԿ ԱԽ-ի մնացյալ 13 անդամ երկրները՝ ներառյալ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, աջակցել են փաստաթղթի նախագծին: Մոսկվան ու Պեկինը Սիրիայի հարցով արդեն չորրորդ անգամ են վետո դնում: Ներկայիս բանաձևի նախագիծը պատրաստել էր Ֆրանսիան:
Այն դատապարտում էր Սիրիայի իշխանությունների ու նրան աջակցող զորամիավորումների կողմից մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի համատարած խախտումները, ինչպես նաև բռնությունները: Դրանից առաջ փաստաթղթին իր աջակցությունն էր հայտնել ավելի քան 60 երկիր: