
Լիբանանի խորհրդարանը վերստին չի կարողացել ընտրել երկրի նախագահին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահական ընտրությունները մայիսի սկզբի նման վերստին չեն կայացել, ինչի պատճառը երկրի խորհրդարանում քվորումի բացակայությունն է: Այս մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին:
Նրա խոսքերով՝ 128 պատգամավորից խորհրդարանի նիստին ներկա է եղել ընդամենը 75 պատգամավոր, ինչը բավական չէ քվեարկություն անցկացնելու համար: Բերին չի հայտնել, թե երբ կանցկացվի հաջորդ նիստը:
Գործող նախագահ Միշել Սուլեյմանի լիազորությունների ժամկետը սպառվում է մայիսի 25-ին, ինչը նշանակում է, որ պետական բարձրագույն պաշտոնը կմնա թափուր: Լիբանանում նմանատիպ իրավիճակ ստեղծվել է նաև 2007-2008 թվականների քաղաքական ճգնաժամի ժամանակ: