
Ռուսաստանը մեկուսացնելու Եվրոպայի փորձերը ձեռնտու են ռուս ազգայնականներին. Խոդորկովսկի

BBC-ին տված հարցազրույցի ժամանակ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին զգուշացրել է արևմտյան երկրներին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ չսահմանելու հարցում՝ կապված ուկրաինական ճգնաժամում նրա դերակատարության հետ:
Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մեկուսացնելու Եվրոպայի փորձերը ձեռնտու են ռուս ազգայնականներին: Խոդորկովսկին ԵՄ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային՝ հնարավորինս շուտ ձեռք բերելու համար կայունություն, քանի որ դա նրա կարծիքով՝ կարող է փոփոխությունների հանգեցնել նաև հարևան երկրում:
Խոդորկովսկին չի կարծում, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է զորքեր մտցնել Ուկրաինայի արևելք. «Պուտինը կորցրել է հարևան երկրի իրադարձությունների նկատմամբ վերահսկողությունը, ինչի մասին է վկայում Դոնեցկում ու Լուգանսկում հանրաքվեների անցկացումը կանգնեցնելու Կրեմլի ոչ վաղեմի փորձը:
Ռուսաստանում կան այլ ուժեր, որոնք հասկանում են ներկայիս իրավիճակի վտանգը: Ես կարծում եմ, որ Պուտինը նույնպես հասկանում է նրա վտանգը, որ Ռուսաստանին Դոնբասը միացնելը շատ վտանգավոր քայլ է՝ ելնելով ներռուսական նկատառումներից»:
Խոդորկովսկու խոսքերով՝ Ուկրաինայի դեպքերի նկատմամբ եվրոպական արձագանքը սպառնում է սրել Ռուսաստանում ազգայնական տրամադրությունները, որոնք առանց այն էլ բարձր մակարդակի վրա են՝ կապված Ղրիմը բռնակցելու հետ:
Խոդորկովսկին կարծում է, որ ԵՄ-ի առաջնորդները պետք է զերծ մնան Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելուց և իրենց ջանքերը կենտրոնացնեն Կիևում քաղաքական բարեփոխումներին աջակցելու վրա: