Սադայելը արդեն սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին
Կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները բիզնեսով չեն զբաղվում, ընդամենը բաժնետեր են. Գալուստ Սահակյան
«Քաղաքական այս կարևորագույն փաստաթղթի քննարկմամբ ազդարարվում է ՀՀ զարգացման նոր փուլ, որը նշանավորվում է տարածաշրջանային զարգացումներով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ելույթ ունենալով կառավարության ծրագրի վերաբերյալ:
Ըստ նրա՝ ծրագիրը թույլ կտա ապահովել առաջընթաց և ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցություն: Սահակյանը նշեց, որ նոր իրողությունների պայմաններում պահպանվել են նախորդ կառավարության այն բոլոր նախաձեռնությունները, որ ապացուցել են իրենց արդյունավետությունը, նաև ՀՀԿ ծրագրի դրույթներում համադրելի գաղափարները. «ՀՀԿ-ն այս անգամ միայնակ է ստանձնել երկրի քաղաքական կառավարման պատասխանատվությունը»: ԱԺ նախագահը նշեց, որ գործնական փուլ է մտել Եվրասիական միության և ՄՄ անդամակցության գործընթացը:
Սահակյանը նկատեց, որ ստվերի առկայությունը օրինաչափ է, և դրա դեմ պայքարողներն էլ են իրենք և հարցադրում արեց, թե այս տարիների ընթացքում ո՞վ է կրճատել նախկինում եղած մեծ ստվերը: Նա հայտարարեց, որ կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները բիզնեսով չեն զբաղվում, ընդամենը բաժնետեր են, ինչի իրավունքն ունեն բոլորը և դա չի խախտում Սահմանադրությունը և կառավարության ու ԱԺ աշխատանքը: Ըստ Գ.Սահակյանի՝ ընդդիմությունը վերահսկողություն է պահանջում, բայց վերահսկողությունը միայն պաշտոնը չէ. «Երբ ապացուցեք, որ մեզանից ավելի պետականամետ եք, վերահսկողական ֆունկցիաներ էլ կտանք»:
Գ.Սահակյանը նշեց, թե փորձել է լավագույն տոնայնութամբ ավարտել ելույթը, բայց շարունակեց. «Երբևիցե որևէ անգամ չեք տեսնի, որ ես ու իմ կուսակիցները որևէ անձի պիտակներ կպցնենք, մենք միշտ հակադարձողի դերում ենք, բայց՝ էստի աշեցեք՝ Սադայելը արդեն սկսել է Աստվածաշնչից օրինակներ բերել: Մեզանում սկսել է և ընթացք է ստանում քաղաքական աղանդավորությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ իր ելույթում Աստվածաշնչից այսօր մեջբերումներ էր անում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։