Ուկրաինայի նոր նախագահը պետք է ցրի երկրի խորհրդարանը. Պյոտր Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նոր նախագահն ընտրվելուց հետո պետք է ցրի Գերագույն ռադան ու անցկացնի խորհրդարանական նոր ընտրություններ: Այս մասին Լվովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն:
Նրա խոսքերով՝ դրանով իսկ երկրի նոր նախագահը պետք է կատարի ժողովրդի կամքը և «Մայդանի» գլխավոր պահանջներից մեկը՝ իշխանության ամբողջովին վերաբեռնում: Պորոշենկոն կարծում է, որ դա անհրաժեշտ է անել, քանի որ ներկայիս խորհրդարանում փաստացիորեն չկա սահմանադրական մեծամասնություն.
«Նոր նախագահը պարտավոր է ցրել խորհրդարանը և հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Դա «Մայդանի» պահանջներից մեկն է՝ իշխանության վերաբեռնում, դա այն է, ինչը ցանկանում է մարդկանց մեծ մասը: Ընտրություններից հետո անհրաժեշտ է ձևավորել նոր դաշինք՝ հենված ընդհանուր նպատակի՝ «եվրաինտեգրման» վրա»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Պորոշենկոն կողմ էր արտահայտվել պետության ղեկավարման խորհրդարանական-նախագահական ձևին և դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն: