ԱՄՆ-ը ռազմական ներկայություն ունի Աֆրիկայի գրեթե կեսում. թուրքական մամուլ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումները տեղ են զբաղեցրել Աֆրիկա մայրցամաքի գրեթե կեսում: Վերջին երկիրը, ուր ուղարկվել են ամերիկացի զինծառայողներ, հանդիսանում է Չադը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ՝ Չադ է ուղարկվել 80 ամերիկացի զինծառայող: Նրանք պետք է օգնեն ազատ արձակել հարևան Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորման կողմից առևանգված ավելի քան 200 դպրոցականների:
Ամերիկացի զինծառայողները Չադի տարածքից օդային հետախուզություն ու դիտարկում կիրականացնեն Նիգերիայի հյուսիսի ու հարակից տարածքների նկատմամբ:
Ստորև ներկայացվող քարտեզը վկայում է, որ Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն առնչվում է Սահարայից հարավ ընկած երկրներին: Այդ երկրներն են Բուրկինա Ֆասոն, Կոնգոն, ԿԱՀ-ը, Չադը, Ջիբութին, Եթովպիան, Քենիան, Մալին, Նիգերը, Սոմալին, Հարավային Սուդանը, Ուգանդան: