Հավատանք, որ փոՂվենք
Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է: Ողորմելի աղքատ: Խոսքն ամենևին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ: Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաև ընդդիմություն:
Այսինքն՝ մտածող մարդիկ: Իշխանությունից տարբեր կերպ մտածող մարդիկ: Իսկ քանի որ մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդն է, պետք է արձանագրենք, որ մենք այլևս անշրջելի աղքատ ենք: Կառավարության ծրագրի քննարկումներում իրենց ընդդիմություն կոչողներն այնքան հաջողություններ ու արգասաբեր աշխատանքի այնքան բարեմաղթանքներ հղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ որևէ նորապսակ զույգի այդքան ցանկություններ հղելու պարագայում՝ Հայաստանի դեմոգրաֆիական աղետը կանգ կառներ: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսևորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր արդեն գրեթե անգո ընդդիմության դեմ: Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը:
Որովհետև, եթե Հայաստանում ընդդիմություն լիներ, Ազգային ժողովում իրար հերթ չտալով՝ բոլոր ընդդիմադիրները տարբեր ձևակերպումներով պետք է մի հարց ուղղեին Հովիկ Աբրահամյանին՝ «էս ծրագիրը բերել ես, որ ի՞նչ անես»: Որովհետև նույն ընդդիմադիրներն այդ հարցը տալուց առաջ պետք է հայտարարեին, որ Հայաստանում Մարտի 1-ով հաստատված ապօրինի իշխանությունը, Հայաստանը դատարկած ու Հայաստանը հայերի համար բոլոր հայրենիքներից ամենաանցանկալի հայրենիքը դարձրած իշխանությունն անգամ տիեզերական ծրագրով չի կարող կանգնեցնել գահավիժումը: Նաև, բայց ոչ այնքան ու ոչ միայն՝ տնտեսական, այլ առաջին հերթին՝ քաղաքակրթական, բարոյահոգեբանական և նվազագույն
աշխատավարձի ու էժան գազի հետ կապ չունեցող այլ արժեքների գահավիժումը:
Եթե հնչեին ընդդիմադիրների այդ ելույթները, ապա Նիկոլ Փաշինյանի ելույթը կլիներ դրանցից միայն մեկը, բայց ոչ միակը: Բայց Նիկոլը, որն այս իշխանության դեմ պայքարում նաև պայքարի սխալ առաջնորդ ընտրած լինելու պատճառով չկարողացավ իրականություն դարձնել իր՝ «Այդ մեկ մարդը դու ես» բանաձևը, երեկ ցույց տվեց, որ կառավարությանն ու նրա ծրագիրը միակ քննադատողն ինքն է: Իսկ ընդամենը խորհրդարանում զբաղեցրած տեղերով իշխանությունից տարբերվող մեր ոչ իշխանականները Հովիկ Աբրահամյանին դարձրեցին համարյա հույսի փարոս ու փարոսի լույս, փրկության օղակ ու փակ օղակից դուրս եկող ֆոկուսնիկ:
Ու միանգամայն նորմալ պետք է համարել, որ իր ելույթի ընթացքում որևէ քառակուսի ՀՀԿ-ականի կողմից հնչած հանդիմանանքին (որի իմաստը պետք է որ լիներ՝ այ ախպեր, խի՞ ես էս մեր ազիզ քեֆը փչացնում, թող ընգերներդ շեֆի կենացը խմեն) Նիկոլը պատասխանեց՝ «արա, մի հատ հանգստացի»:
Հասարակությունը նույնը չի ասել իշխանությանը 2008 թվականին, նույնը չի ասել նաև 2012 և 2013 թվականներին: Չի ասել, որովհետև Նիկոլի նախկին ու մասամբ ներկա գործընկերներն ասել են, որ դա քաղաքագիտորեն ճիշտ չէ: Հիմա նրանք հավատում են Հովիկ Աբրահամյանին: Հավատում են հատկապես նրա այն խոստմանը, որ լինելու է «ականջալուր, սակայն իմ քաղաքական գծին հետամուտ»:
Հավատում են, որ Հովիկ Աբրահամյանն ականջալուր կլինի իրենց լռությանը, ու «իր քաղաքական գծին հետամուտ»՝ բարձր կգնահատի այն: Ընդհանրապես իշխանության տեսակների մասին տեսություններում առանձնացնում են ոչ լեգիտիմ իշխանության այն դրսևորումը, որը ձևավորման հարցում հակաօրինական լինելով՝ լեգիտիմանում է իր գործունեության արդյունավետությամբ: Այսինքն՝ հասարակությունը՝ տեսնելով ապօրինի ձևավորված իշխանությունը, դադարում է նրան այդպիսին ընկալել, քանի որ իշխանությունն այդ, պարզ ասած, սկսում է լավ աշխատել, կամ, քաղաքական գործիչների լեզվով ասած՝ ծառայել ժողովրդին: Հայաստանում դա ևս ձևախեղվել է: Իշխանությունը սկսել է ծառայել ընդդիմությանը՝ վերջինիս կողմից մատուցված ծառայությունների դիմաց: Ու դարձել է լեգիտիմ՝ նախկինում իրեն հանցավոր համարողների համար: Դրա համար ամեն ինչ այլևս տեղի է ունենում Ազգային ժողովում: Փողոցն այլևս մոդայիկ չէ: Ավելի ճիշտ՝ այլևս լեգիտիմ չէ փողոցը: