Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ հիվանդանոցի մատյանում ևս գրված է, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում

Վարդան Պետրոսյանի գործով տուժողներն, ինչպես հայտնի է, կասկածի տակ են դնում նրա սթափ լինելու հանգամանքը: Դատական նիստերից մեկի ընթացքում տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասել էր, որ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության մեջ «սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի ուղղված է կամ ջնջված, բացի դա, ըստ փաստաբանի, «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, որը կատարվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի դեպքում:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ասաց, որ խմածության որոշման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Պաշտպանի խոսքով՝ համաձայն կառավարության որոշման՝ աթափության վիճակի զննության արձանագրությունից պետք է կազմվեր 3 օրինակ:

«Երբ բժիշկն ալկոմետրով ստուգել է և տեսել, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է սթափ վիճակում (ընդ որում՝ ալկոմետրի տվյալները որոշակի ժամանակահատված պահպանվում են, և ձեզ հավաստիացնում եմ, կեղծել հնարավոր չէ), ինքը վերցնում է 2 արձանագրություն, դնում է, իր իսկ բառերով ասեմ՝ կապիռովկան, պատճենահանման թուղթը, դնում է երկրորդ թուղթը, լրացնում Վարդան Պետրոսյանի բոլոր տվյալները՝ ծննդյան թիվ, գրում է «սթափ», այնուհետև այս փաստաթղթերն առանձնացվում են, և բնօրինակ ստորագրում է մի փաստաթղթի տակ, և բնօրինակ ստորագրում է մյուս փաստաթղթի տակ: Առաջին օրինակը հանձնվում է ոստիկանությանը, որն էլ կցվում է քրեական գործին: Այդ պատճառով էլ ստորագրություններն այս երկու փաստաթղթերի մեջ տարբեր են: Որևէ կեղծիք չի եղել: Այնուհետև երբ անցնում են օրեր, երբ շրջանառության մեջ է դրվում այն վարկածը, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել, մենք հարցում ենք կատարում բժշկական հիմնարկին, խնդրում ենք մեզ պարզաբանել, թե իրականում Վարդան Պետրոսյանը խմա՞ծ եղել է, թե՞ ոչ և ի՞նչ մեթոդով են դա ստուգել: Արդեն այդ բժիշկը չի լինում, դիմում ենք տնօրենին:

Vardan P (3) Vardan P (2)

Կարդացեք նաև

Vardan Petrosyan88

Տնօրենը բուժքրոջը հանձնարարում է, որպեսզի բուժքույրը մեզ տա այդ փաստաթղթի կրկնօրինակը վավերացված վիճակում՝ իր գրությամբ: (Հասկացա՞ք՝ ստորագրությունն ինչու է տարբերվում բնօրինակից): Կրկնօրինակի վրա կա «մեթոդ» բառը, լրացնում են, թե ինչ մեթոդով են ստուգել: Նորից դնում են կապիռովկեն, նորից դնում են մի ուրիշ թուղթ ու լրացնում են: Դա կատարվել է օդի մեջ խմածության հոտի ստուգման մեթոդով: Եվ արդեն երկրորդ օրինակը տալիս են ինձ՝ որպես պաշտպանի: Դա էլ ես ներկայացնում եմ վարույթ իրականացնող մարմնին»,- բացատրեց Ն. Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցի մատյանում ևս գրված է, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց նաև, որ կառավարության որոշման համաձայն՝ եթե ալկոմետրով ստուգման արդյունքում պարզվում է, որ անձը գտնվում է սթափ վիճակում, ապա հետագա ստուգումներ իմաստ չունի: Պաշտպանի խոսքով՝ Վ. Պետրոսյանի ստուգումները շարունակվել են. այս անգամ մազով և արյունով փորձաքննություն է կատարվել, պարզել, որ նա թմրամիջոց օգտագործած վիճակում չի եղել, իսկ խմածության փաստը որոշել հնարավոր չի եղել՝ երկար ժամանակ անցնելու պատճառով:

Անդրադառնալով՝ «ս» տառի ջնջված լինելու հայտարարությանը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գրիչը պարզապես չի գրել և բուժքույրը երկու անգամ է գծել մասնիկի վրա:

Vardan Petrosyan5

Նշենք, որև 2013թ. հոկտեմբերի 20-ին կազմվել է ինչպես Վարդան Պետրոսյանի, այնպես էլ Արթուր և Հայկ Հակոբյանների սթափության վիճակի զննության արձանագրություն:

Արթուր Հակոբյանի դեպքում «սթափ» բառը գրված է «եզրակացություն» բառի դիմաց, իսկ Վարդան Պետրոսյանի և Հայկ Հակոբյանի դեպքում՝ «հետազոտման արդյունքը» բառի դիմաց:

 

Տեսանյութեր

Լրահոս