Խոսրով Հարությունյանի կարծիքով` նոր կառավարության ծրագրի իրականացումը նպաստելու է արտագաղթի կասեցմանը

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը շահեկանորեն տարբերվում է նախորդից, և ոչ միայն իրատեսական է, այլև խիստ հրատապ և արդիական: 168.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

«Ներկայացված ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մի քանի գործոններով: Առաջինը, շատ հստակ արձանագրված է առաջիկա երեք տարիների համար կառավարության հիմնական քաղաքական նպատակը` քաղաքացին: Դա շատ կարևոր հանգամանք է: Ըստ էության, այս ծրագրով կառավարությունը փորձում է իրականացնել այն հայտնի քաղաքական թեզը, որ ոչ թե քաղաքացին է պետության համար, այլ պետությունն է քաղաքացու համար:

Ընդ որում, դա լոկ քաղաքական լոզունգ չէ, դա ցույց է տալիս հետագա քաղաքական նպատակների հիերարխիան, որոնք արձանագրված են ծրագրում, մասնավորապես` ստեղծել նպաստավոր պայմաններ արտագաղթի կրճատման և աղքատության նվազման համար, այդ նպատակին հասնել` մի կողմից, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար ազատությունների սահմանները բարձրացնելով, մյուս կողմից` ակնհայտորեն ներդրումներ ներգրավելու կամ սեփական խնայողությունները ներդրումների վերածելու ճանապարհով աշխատատեղեր ստեղծելու գործընթացը խթանելու միջոցով:

Այսինքն` ծրագրային այս երկու հիմնասյուներն այն հիմնական քաղաքական թեզերն են, որոնց իրականացումը նպաստելու է արտագաղթի նվազեցմանը: Ակնհայտ ճշմարտություն է, որ մեր հայրենակիցները, ովքեր լքում են Հայաստանը աշխատանքային և ոչ աշխատանքային միգրանտների տեսքով, մեկնում են հիմնականում Ռուսաստան` մի երկիր, որտեղ բարոյահոգեբանական մթնոլորտը, արդարության պակասը, հանցավորության վիճակն առանձնապես բարենպաստ չէ, հետևաբար` արտագաղթը ծնող պատճառը հիմնականում տնտեսական է:

Կարդացեք նաև

Եթե մեզ հաջողվի ստեղծել բարենպաստ միջավայր, որը հնարավորություն կտա սեփական երկրում բիզնեսով զբաղվելու միջոցով ապահովել Ռուսաստանից սպասվելիք եկամուտների անգամ մի մասը, ապա շատերը կգերադասեն մնալ Հայաստանում, քան թե մեկնել Ռուսաստան: Սրանով են պայմանավորված փոքր և միջին ձեռնարկատիրության համար կառավարության ծրագրում առաջ քաշված հիմնական թեզերը:

Երկրորդը, շատ էական եմ համարում նաև այն, որ կառավարությունը շատ հստակ արձանագրում է արտահանմանը միտված տնտեսական կարողությունների զարգացումը նոր ներդրումների ճանապարհով: Ընդ որում, շատ հստակ արձանագրված է, որ այդ ներդրումները պետք է փորձեն իրականացնել օտարերկրյա, նույնիսկ հայտնի բրենդային ֆիրմաները Հայաստան ներգրավելու ճանապարհով: Ինչո՞ւ, որովհետև եթե նույնիսկ հզորացնենք սեփական արտադրական կարողությունները, շոշափելի ժամանակահատվածում արտաքին շուկաներում մրցունակ կարողություններ ստեղծելը մեզ համար շատ դժվար է լինելու:

Եվ կառավարությունը կարևորում է հիմնականում օտարերկրյա ներդրումների միջոցով բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծելը: Իսկ դրան զուգահեռ զարկ տալով տեղական արտադրական կապիտալի ձևավորմանը` այդ օտարերկրյա կապիտալը մեզ համար դառնում է լոկոմոտիվ` օտարերկրյա շուկաներ թափանցելու համար: Համաձայնեք, որ արտագաղթի կասեցման հիմնական կռվանները սրանք են: Սրանք լուրջ հարցեր են, և այս տեսակետից ես կառավարության գործունեության ծրագիրը համարում եմ ոչ միայն իրատեսական, այլև խիստ հրատապ և արդիական»,- կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը:

Մենք նկատեցինք, որ, օրինակ, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու, օտարերկրյա ներդրումները խթանելու և արտագաղթը կասեցնելու նպատակներն իր առջև դրել էր նաև նախորդ կառավարությունը, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է: Ի պատասխան` Խ. Հարությունյանն ասաց.

«Ճիշտ եք ասում, ուղղակի կա մի տարբերություն, որ բոլոր տեղերում էլ խոսել են արտագաղթի մասին, բոլոր ծրագրերում էլ գրվել է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը նպաստելու մասին, բայց արտագաղթը կասեցնելու համակարգված շարադրանք առաջին ես անգամ եմ հանդիպում: Ինձ մոտ դա է վստահություն ներշնչում: Մարդը ոչ թե պարզապես խոսում է արտագաղթի մասին, այլ, ըստ էության, արձանագրում է` թեպետ արտագաղթ ծնող պատճառը տնտեսական է, բայց արտագաղթի հետևանքները տնտեսական չեն, դրանք և´ բարոյահոգեբանական են, և´ սոցիալական, և´ քաղաքական, և, եթե կուզեք, նույնիսկ ազգային անվտանգության համատեքստում են: Հետևաբար, նա կարևորում է խնդիրը և քայլ առ քայլ լուծում է առաջարկում: Սա է առաջացնում վստահություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս