Վարդան Պետրոսյան. Դուք ինքներդ էլ գիտեք, որ ես չեմ փախչելու, փախչող չեմ (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանն այսօր մերժեց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդել էր դատարանին փոխել Վ. Պետրոսյանի խափանման միջոցը և նրան ազատ արձակել:

Մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, գործով մեղադրող Արթուր Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման:

Մեղադրող ասաց, որ իր համար ևս անընդունելի է հեռուսատատեսությամբ ցույց տրված «կինոն» (իր միջնորդությունը ներկայացնելիս՝ Մարի Դոզեն նշել էր, որ հայկական հեռուստաալիքներից մեկով փաստագրական ֆիլմ է դիտել, որտեղ վերականգնված է եղել դեպքի օրը տեղի ունեցածը: Փաստաբանն ասաց, որ ֆիլմում հանդես են եկել տուժողները, իսկ երբեմն նրա փոխարեն հանդես են եկել դերասաններ, և փորձ էր արվել վերականգնել նաև դեպքը:

«Ցույց էին տալիս մի ավտոմեքնա, որը սլանում էր 100-120 կմ/ժ արագությամբ, երաժշտությունը մեքենայի մեջ բարձր էր, մեքենան զիգզագներով շարժվում էր»,- ասել էր պաշտպանը:

Կարդացեք նաև

Մարի Դոզեն հարց էր հնչեցրել՝ ի՞նչ են փորձել անել այդ ֆիլմի ցուցադրմամբ նախքան դատաքննության սկսելը: Արթուր Սարգսյանն ասաց, որ դատարանում վկաներն ու տուժողները դեռ չեն հարցաքննվել: Դատախազն ասաց, որ իր կարծիքով՝ Վ. Պետրոսյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու սպառնալիքը և ազատ արձակվելու դեպքում ՀՀ-ից մեկնելն իր համար մնում են այն հիմնական պատճառները, որոնց համար նա պետք է նախնական կալանքի տակ գտնվի:

Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ Վ. Պետրոսյանի պաշտպանի ելույթն ավելի շատ բարոյական բնույթի հորդոր էր և դաստիարակչական նպատակ էր հետապնդում: Ռ. Բալոյանի խոսքով՝ փաստաբանը միջնորդությունը ներկայացնելիս գնահատական է տվել դեռևս չհետազոտված ապացույցներին:

Անդրադառնալով Մարի Դոզեի արտահայտած այն մտքին, թե կան ողբերգություններ, որտեղ մեղավորներ չկան, Ռ. Բալոյանն ասաց, որ կարող է հայտարարել՝ սա այդ դեպքը չէ. «Այստեղ կա ողբերգություն և կա մեղավոր: Մեղավոր կարող էր չլինել միայն մեկ դեպքում՝ եթե խափանված լիներ ամբաստանյալի ավտոմեքենայի արգելակման կամ այլ…»:

Փաստաբանին ընդհատեց դատավորը՝ նշելով, որ Ռ. Բալոյանը քննադատում է պաշտպանական կողմին՝ նյութերին գնահատելու համար, դրանից հետո շարունակում որոշակի հանգամանքներ նշել: «Գործում առկա են փաստաթղթեր՝ կապված Վարդան Պետրոսյանի ձերբակալման հետ, որը որ պաշտպանական կողմը փորձում է շրջանցել: Բացի դա՝ մենք գտնում ենք, որ և´ նախաքննության ընթացքում, և´ դատաքննության ընթացքում ամբաստանյալը խոչընդոտում է գործի քննությանը:

Դրա վառ ապացույցն է Եղվարդի բժշկական կենտրոնի բժշկի կողմից թույլ տրված սթափության վիճակի արձնագրությունը կազմելիս բազում սխալները, միգուցե և ապօրինությունները: Դրա վառ ապացույցն են նաև Էրեբունի բժշկական կենտրոնում լրացված հիվանդության պատմության լրացման հետ կապված մի շարք հանգամանքեր, որին ես ներկայումս չեմ անդրադառնա, քանի որ նշված փաստաթղթերը դեռևս հետազոտված չեն: Տուժող կողմը համոզված է, որ ներկայումս էլ գործի քննությունը խոչընդոտվում է: Ուստի մենք գտնում ենք, որ միջնորդությունը պետք է մերժվի»,- ասաց Ռ. Բալոյանը:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ խորապես շնորհակալ է դատախազից, քանի որ առաջին անգամ լսեց այն երկու կետերը, որոնց համար իրեն կալանքի տակ են պահում: Վ. Պետրոսյանն ասաց, որ ինքը կես դար ապրել է Հայաստանում, ինքը փախչող չէ, իր անձնագրերը նրանց մոտ են: «Ես գտնում եմ՝ Ձեր երկու մտավախութունները, քաղաքացի դատախազ, անհիմն են: Դուք ինքներդ էլ գիտեք, որ ես չեմ փախչելու, փախչող չեմ, նրանց չեմ էլ ճնշել: Հակառակ տպավորությունն է ստացվել ինձ մոտ, որ ինձ միշտ նախապես կալանավորել են՝ փակելով, պատնեշելով ճանապարհս, որ ինչ-որ հաշտության եզրեր գտնեմ: Եվ այդ պահին, երբ հաշտության եզրերը պետք է գտնվեին, անպայման եղել են հոդվածներ ալկոհոլի մասին և նման բաներ:

Ես սա էլ չեմ ուզում ծանրացնել, որովհետև սա արդեն ուրիշ խոսակցություն է: Ինչ վերաբերում է այն բանին, ոչ ես՝ ամբաստանյալս, այո, շեշտում եմ, ես՝ ամբաստանյալս, խանգարում եմ և խանգարել եմ նախաքննությանը, թույլ տվեք, մեղմ ասած՝ չհամաձայնվել: Այն պահին, երբ ալկոթեստն է կատարվել և մյուս էքսպերտիզաները, ես եղել եմ համարյա կոմայի մեջ՝ կիսագիտակից վիճակում, ես ի վիճակի չեմ եղել: Եվ դրանից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անմիջապես ձերբակալվել եմ ու կալանավորվել, ես ֆիզիկապես ի վիճակի չեմ եղել ճնշումներ բանեցնելու և նախաքննությանը խանգարելու: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ դա կարող էին իմ հարազատներն անել… ենթադրենք, որ դա հնարավոր տարբերակ է, նրանք առաց այդ էլ կարող են անել»:

Տեսանյութեր

Լրահոս