Ստեփան Սաֆարյանը տեղեկություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու մասին

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը չի պատրաստվում լքել իր կուսակցության շարքերը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի` կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու և Հայաստանից հեռանալու մասին տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե առաջիկայում «Ժառանգություն» կուսակցության ներսում սպասվում են կտրուկ և անակնկալ փոփոխություններ: Հղում անելով իր աղբյուրներին` թերթը գրել, թե հունիսի սկզբին կայանալիք համագումարում անակնկալներից մեկը լինելու է այն, որ կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը թողնելու է իր պաշտոնը և հեռանալու է երկրից, որից հետո ընտրվելու է կուսակցության նոր նախագահ:

Բացի այդ, ըստ «Հրապարակի», «Ժառանգության» շարքերը կարող է լքել նաև կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ով հիմնադրել է քաղաքական-վերլուծական կենտրոն և մտադիր է զբաղվել վերլուծական գործունեությամբ:

Ստեփան Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ, իրոք, ամիսներ առաջ գրանցել է այդպիսի կազմակերպություն, սակայն չի խոսել դրա մասին, քանի որ այն դեռևս պատրաստ չէ գործունեությունը սկսելու համար:

Կարդացեք նաև

«Դա իմ վաղեմի ցանկությունն է եղել, այդ ցանկությունը ես ունեցել եմ ոչ միայն երկու տարի առաջ, այլև շատ ավելի վաղ: Ինքս սկսել եմ լրջորեն զբաղվել քաղաքագիտությամբ դեռ 2000-ականներից: Այս առումով դա նորություն չէ: Եվ քանի որ անընդհատ փորձում եմ գտնել ձևեր, որպեսզի սկսեմ այդ գործունեությունը, թերևս դա է հիմք տալիս ոմանց համար ենթադրելու, որ դա նշանակում է «Ժառանգության» հետ հարաբերությունների ավարտ»:

Հարցին, թե կուսակցության հետագա քաղաքականությունը կարո՞ղ է պատճառ դառնալ «Ժառանգությունը» լքելու համար, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ կուսակցության քաղաքականությունը կարող է ցանկացածին չգոհացնել, բայց այս դեպքում խոսքը վերաբերել է ընդհանուր տեսական գնահատականին, և ինքն ասել է, որ մարդիկ դուրս են գալիս կուսակցությունից, երբ իրենց պատկերացումները չեն համընկնում. «Խոսքն այն մասին է, որ համագումարը երկու տարին մեկ է, և բոլորը սպասում են, որ մենք կորոշակիացնենք մեր գործունեությունը: Բայց ես դա չեմ կապել նրա հետ, որ ես դուրս եմ գալու կուսակցությունից»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալու մասին լուրերին, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այդպիսի տեղեկություն չունի:

«Մեզ անգամ կուսակցության ներսում նման լուր չի հասել, էլ ուր մնաց դրսից հասներ»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս