«ՀՀ իշխանությունը հնարավորություն ունի ապացուցելու, որ Մոսկվայի դրածոն չէ». Արամ Սարգսյան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:
– Ձեր կարծիքով` Ռուսաստանը Հայաստանին թույլ տալո՞ւ է դեպի Եվրոպա քայլ անել, թե՞ կախվածությունն այն աստիճան մեծ է, որ հնարավոր չի լինի:
– Այն պատժամիջոցները, որ այսօր գործում են Ռուսաստանի դեմ, և որոնք գնալով խորանալու են՝ Ռուսաստանին տնտեսական և քաղաքական իմաստով այն վիճակի են հասցնելու, որ Ռուսաստանը ինքն իր խնդիրները լուծելու համար լուրջ խնդիրներ է ունենալու:
Դրա ապացույցները մենք հիմա տեսնում ենք, արդեն Ռուսաստան մեկնած մեր բազմաթիվ հայրենակիցներ աշխատանք չգտնելու պատճառով հետ են գալու, այդ վերադարձող հայրենակիցները Հայաստան վերադառնալով ու գործ չգտնելով՝ հեղափոխություն են անելու. այսպես թե այնպես այս իշխանությունների վիճակը վատ է լինելու:
Այն գործընթացները, որ այս ուղղությամբ տարվում են համակարգային ճգնաժամի են հանգեցնելու, ինչի արդյունքում այս իշխանությունները կորցնելու են ոչ միայն իշխանությունը, այլ ամեն ինչ:
Իսկ սա ելք է, որ հնարավորություն կտա երկիրը ճգնաժամից հանելու, իրենց գործունեությունը արդարացնելու, և վերջիվերջո` Հայաստանի իշխանությունները պետք է ապացուցեն, որ իրենք Հայաստանի իշխանություններ են, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի շահերը պաշտպանող դրածոներ:
Ես ուզում եմ, որ այդ մարդիկ իրենք իրենց հայ զգան, քանի հասել են այդ պոստերին,- չեմ ուզում քննարկել ինչ ճանապարհով, այդ պոստերին են ամեն դեպքում,- պետք է ժողովրդի շահերը պաշտպանեն, փորձեն դուրս գալ այն ազդեցությունից, որ իրենց կործանման է տանում:
Ռուսաստանը լուրջ ճնշումներ է գործադրելու, և դրանք հիմնականում երկրի նախագահի վրա կլինեն, այդ ճնշումների ընթացքում Հայաստանի մի շարք կուսակցություններ էլ իրենց լուման ու ազդեցությունը կունենան:
– Մաքսային միության անդամ երկրների նախագահները Հայաստանի հանդեպ ոչ այնքան սիրալիր մոտեցում են ցուցաբերում՝ հաճախ մատնանշում են Ղարաբաղի հարցը: ՄՄ-ին դեմ շատերը Հայաստանում Մաքսային միությունից փրկության հույսը կապում են հենց Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ: Նրանք կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ:
– Ընդհանրապես ասում են, որ նմանը նմանին է փնտրում: Նազարբաևը ցմահ է, նույն կերպ է նաև Ալիևը, նույնը՝ նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, իրենք իրենց նմաններին պետք է արդարացնեն:
Հայաստանը ավելի շատ Ռուսաստանին է նման, կարծես թե ընտրություններ են լինում, բայց մեկը մեկին պաս տալով իշխանություն են փոխանցում, նախագահների որակն էլ այդ կարգի է, ուղղակի առաջ ու հետի տարբերություն կա, նմանությունների՝ Պուտինի և Քոչարյանի, Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի, գուցե բախտներս բերել է, որ առաջ ու հետ ենք ընկել, բայց հույսներս դնենք, որ նրանք պետք է օգնեն, որ մենք չմտնենք ՄՄ, չեմ կարծում, թե ճիշտ է:
Ընդհանրապես իշխանության համար կոպիտ սխալ է դա, իշխանությունը՝ որպես պետության կայացածությանը կասկածի տակ դնելու նման մի բան է դառնում: Հայաստանը կցորդ է դիտվում, շատ-շատերն են այդպես մտածում՝ ներառյալ Հայաստանի հայերը:
Մարդիկ, որ չեն ուզում Հայաստանը մտնի Մաքսային միություն ու հույսներն այդտեղ են տեսնում` սա բնական է, բնական եմ համարում այն, որ այդ կոնտեքստում հայ հասարակության լայն զանգվածներ փողոց դուրս չեն գալիս, ու մարդիկ ստիպված են հույսները այնտեղ կապել:
Մեր բնակչության մեծ մասը իր ընտանիքի օրվա գոյության խնդիրը արտագնա աշխատանքով է լուծում: Եվրոպաներ չեն կարողանում գնալ, որովհետև շենգենյան վիզաներ են պետք, իսկ դա հասու չէ, ստիպված գնում եմ այն երկրներ, որտեղ առանց վիզային ռեժիմի կարող են գնալ…
Երբ մարդուն ասում ես՝ մեր տեղն այստեղ չէ, այնտեղ է, այդ մարդն ասում է` լավ, դու կարողանում ես քո ընտանիքին ինչ-որ կերպ պահել, ես որևէ ելք չունեմ, ես օրվա հացի խնդիր ունեմ, երեխան պետք դպրոց գնա, մայրս պետք շաքարի դեղ գնի, հորս ոտք Այս փակ շրջանից դուրս գալու ելքը ձվերը մի զամբյուղի մեջ դնելը չէ, այդ զամբյուղից հանելն է, ու այստեղ է, որ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր անեն, եթե կանեն այդ քայլերը՝ ապրեն իրենք, եթե չեն անի, ապա օրերից մի օր այն, ինչ որ հետ է տանում՝ փլվելու է, ու դա սոսկալի փլուզում է լինելու:
– Իսկ Ղարաբաղի հարցն ի՞նչն է լինելու, եթե Հայաստանը որոշի անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել է` հստակ է, որ Հայաստանն իր ներկայիս սահմաններով է անդամագրվելու՝ առանց Ղարաբաղի:
– Ես միշտ մտածում էի, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությանը դեմ է Ղազախստանը, քանի որ մտերիմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իրենք են ասում, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է անցակետ դրվի, բայց հիմա այդ կարծիքին չեմ, համոզված եմ, որ դա ավելի շատ ձեռնտու է Ռուսաստանին, ու Ռուսաստանն է ուզում, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անցակետ դրվի, այդ թեմային են վերաբերում նաև Ժիրայր Լիպարիտյանի՝ կարճ շրջանում տված հարցազրույցները, ինչն ինձ ավելի շատ պրոպագանդա էր հիշեցնում, թող ինքն ինձ ների, իսկ եթե զգուշացնելու համար էր՝ շատ ավելի լավ:
Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն ուզում է, որ մաքսակետ դրվի, իսկ որտեղ որ մաքսավորներ կան, այնտեղ կան նաև սահմանապահներ, իսկ մենք տեսել ենք, թե հենց «Զվարթնոց» օդանավակայանում որ սահմանապահներն են մեզ ստուգում ու հարցեր տալիս՝ երբեմն անպատեհ ու անպարկեշտ, այնպես որ` սահմանապահներ կանգնեցնելը արդեն զորքեր տեղադրել է, ինչին ձգտում է Ռուսաստանը այս տարածաշրջանում իր զինված ներկայությունը մեծացնելու համար:
Ցավում եմ, որ Ղարաբաղն այդ խաղին մասնակցում է, լավ է, որ իրենք ասում են՝ մենք հայտ չենք ներկայացրել ՄՄ անդամակցության, բայց ավելի լավ կլինի, եթե Ղարաբաղը բացատրի, թե ինչու չի ներկայացրել: Առավել լավ կլինի, որ Ղարաբաղն ասի, որ Հայաստանն էլ այդ խաղին երբեք չպետք է մասնակցի:
Եթե իրենք ասում են, որ հայտ չեն ներկայացրել, ապա պետք է բացատրեն, թե ինչու, եթե լավ բան է` ինչու հայտ չեն ներկայացրել, թե լավ բան չէ, ապա իրենց եղբայր ՀՀ-ն ինչու է ներկայացրել:
Ես եզակի հնարավորություն էի տեսնում Ասոցացման համաձայնագրով Ղարաբաղի հարց լուծել, միակ դեպքն էր, որ տարածաշրջանը դիտարկելիս Արևմուտքն ու Եվրոպան Հայաստանն Ադրբեջանից տարանջատում էին. դա վերջին տասը տարիների միակ դեպքն էր, մեկ էլ 92 թվականին, երբ Արևմուտքն 907-րդ բանաձևը կիրառեց ու Ադրբեջանին ագրեսոր ճանաչեց:
Դրանից հետո 12 տարի է` առաջին դեպքն էր, որ տարանջատեց, և դրանից օգտվել է պետք, Հայաստանը չօգտվեց:
ՀՀ իշխանությունները թաքուն շշնջում են, որ դա մեր անվտանգության համար է կամ` որ գազը չթանկանա, բայց այդ գազը նույն թանկությամբ էլ մնաց: Մենք աշխարհում ամենաթանկ գազ գնողներից ենք:
Ես չեմ հավատում, որ եթե մեզ Թուրքիայից կամ Ադրբեջանից վտանգ սպառնա՝ ռուս զինվորը գալու է այստեղ կռվի, դրա բազմաթիվ օրինակներն ունենք, ու մենք միշտ հաղթել ենք այն ժամանակ, երբ հույսներս դրել ենք մեր վրա, մենք ազգովի համախմվել ու հաղթել ենք: Սրա վրա է, որ Հայաստանի իշխանությունները հենվելով պետք է բանակցեն ընկեր Պուտինի, պարոն Օբամայի, տիկին Մերկելի հետ, մնացած դեպքերում տանուլ տված ենք:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։