Ամերիկյան Vella Gulf ռազմանավը Սև ծով կմտնի մայիսի 23-ին. աղբյուր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vella Gulf հրթիռակիր հածանավը Սև ծով մուտք կգործի մայիսի 23-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա ռազմադիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Ticonderoga դասի ամերիկյան ռազմանավն առաջադրանքներ է կատարելու Սև ծովի արևելյան հատվածի ջրատարածությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Vella Gulf-ը Սև ծով է մուտք գործելու մայիսի 9-ին (Հաղթանակի օրը), սակայն դա տեղի չունեցավ:
Այժմ որոշվել է, որ ամերիկյան ռազմանավը Սև ծով կմտնի մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Եթե Vella Gulf-ը Սև ծով մտնի մայիսի 23-ի առավոտյան, ապա նա Սև ծովում կկարողանա մնալ մինչև հունիսի 13-ը:
Սևծովյան նեղուցներով խաղաղ և պատերազմական ժամանակ քաղաքացիական նավերի ու ռազմանավերի անցումը կանոնակարգող Մոնտրեի կոնվենցիայի (1936 թվական) համաձայն, Սև ծովում ափ չունեցող երկրների ռազմանավերը նրա ջրատարածությունում կարող են գտնվել առավելագույնը 21 օր: