«Անո՜ւշ խմեցիր, Արգամի՛չ ջան»
Այսօր Ազգային ժողով ներկայացվելիք կառավարության ծրագիրը, որոշակի քննարկումներից, բացառված չէ՝ նաև քննադատությունից հետո, իհարկե, ընդունվելու է: Ընդունվելու է կա՛մ ՀՀԿ-ի մեծամասնության ներկայացուցիչների 100 տոկոսանոց գլխաքանակի ապահովման միջոցով, կա՛մ ԲՀԿ-ի «ազատ ռեժիմի» հերթական դրսևորման արդյունքում: Պետք չէ բացառել անգամ, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկեն նույնիսկ Երևանի Կենտրոնում անցած հանգստյան օրերին «բոյնյա» կազմակերպած երիտասարդների հարազատ պատգամավորներն ու նրանց ԲՀԿ-ական ընկերները: Դա, ի դեպ, կրակահերթերն «ինքնապաշտպանություն» որակելու ուղղությամբ արված լուրջ քայլ կլինի:
Հովիկ Աբրահամյանի պես մարդն ինչպե՞ս կարող է չգնահատել, որ «հակառակորդ» թիմի ներկայացուցիչը տուն-տեղ, քաղմաս-КПЗ թողած՝ հերիք չի՝ եկել է Ազգային ժողով, մի բան էլ՝ կողմ է քվեարկել: Հաշվի չառնելով անգամ կուսակցապետի թեզերը՝ խնամիության՝ ապաքաղաքական կատեգորիա լինելու մասին: Կգնահատի ու ծանոթ դատախազ-քննիչներին կհորդորի՝ չմոռանալ, որ «մեր ախպոր ախպերը մեր ախպերն ա»: Մի խոսքով, հա՛մ կառավարության ծրագիրն ահագին կողմ ձայներ կստանա, հա՛մ Երևանի կենտրոնում «ինքնապաշտպանվողներն» ահագին թեթևացած շունչ կքաշեն:
Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հետ: Ուղղակի որևէ կապ էլ չունի, սակայն իրականում այդ ծրագրի բովանդակությունը կապ ունի գրեթե ամեն ինչ հետ, բացի իրական տնտեսական քաղաքականությունից: Ծրագիրն, իհարկե, դեռ չի հրապարակվել, և շեշտենք, որ խոսքը ոչ թե բուն ծրագրի մասին է, այլ դրա վերաբերյալ այսօր կառավարությունում ներկայացված նկարագրության : Այսպես՝ ներկայացնելով ԱԺ ներկայացվելիք ծրագիրը կառավարության նիստում՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասել է. «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները»: Այդ մասին պատմում է կառավարության այսօրվա նիստի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունը, որում Գևորգյանի խոսքը շարունակում է ներկայացվել անուղղակի:
Եվ ահա, ըստ կառավարության հաղորդագրության, նիստում հնչել են նաև հետևյալ մտքերը. «ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար…»: Շարունակե՞նք ու մեջբերե՞նք նաև այն հատվածը, ըստ որի՝ «ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձրատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական և կարևոր նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը և գյուղը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ…»:
Մի խոսքով, դատելով նրանից, թե ինչպես է ներկայացվել կառավարության ծրագիրը, այն կարող է հավակնել առաջին մրցանակի՝ պոեզիայի կամ գրական որևէ այլ ժանրի ստեղծագործությունների մրցույթում: Այսքա՜ն լիրիկա ու այսքա՜ն նրբագեղություն կարելի է հանդիպել միայն Հայրենիքի մասին պատմող ճոռոմ բանաստեղծություններում կամ անպատասխան սիրո վերաբերյալ սերիալային պատումներում: Ու եթե կառավարության ծրագիրն ունենալու է նույն բովանդակությունն ու տրամաբանությունը՝ ինչ դրա հակիրճ նկարագրությունը, ուրեմն այն ԱԺ-ում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանը պետք է ձեռքում ունենա Արարատյան դաշտի անապակ գինով լեցուն թաս ու խոսի համապատասխան առոգանությամբ: Ավարտից հետո էլ պատգամավորներն ուղղակի պարտավոր են բացականչել. «Անո՜ւշ խմեցիր, Արգամի՛չ ջան»: