Բաժիններ՝

ՌԴ-ը վերջին 20 տարում Ուկրաինայի տնտեսության մեջ ներդրել է 200 միլիարդ դոլար. Ուլյուկաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը վերջին 20 տարում Ուկրաինայի տնտեսության մեջ ներդրել է 200 միլիարդ դոլար, այդ թվում նաև արհեստականորեն նվազեցնելով գազի գինը և հատկացնելով վարկեր:

Այս մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Նրա խոսքերով՝ ընթացիկ ճգնաժամի ֆոնին դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի ու Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները: Ուլյուկաևն ընդգծել է, որ ներկա դրությամբ գլխավոր հարցերից մեկը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրն է.

«Ռուսաստանին ու Ուկրաինային կապում է մոտ 400 համաձայնագիր, որոնք առնչվում են ԱՊՀ-ի շրջանակներում, այդ թվում նաև Մաքսային միության երկրների հետ ինտեգրման տարբեր ոլորտներին: Այդ համաձայնագրերից 40-ը բազային են: Անկարելի է դրանք պարզապես մի կողմ դնելն ու դրանք մոռացության մատնելը:

Եթե Ուկրաինան ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ապա դա կնշանակի, որ ռուսական ու ուկրաինական կողմերը պետք է վերանայեն տեխնիկական տարբեր չափորոշիչներ: Բացի այդ, գոյություն ունի վտանգ, որ ուկրաինական ապրանքները եվրոպական չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով գերազանցապես կարտահանվեն ռուսական և ոչ թե եվրոպական շուկա:

Լիովին հնարավոր է՝ դա մեզ կստիպի վերանայել հարկերի ու տուրքերի համակարգը, որը ներկայումս գոյություն ունի Ուկրաինայի ու Մաքսային միության երկրների, այսինքն՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև»:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը ստորագրելու է հունիսի 27-ից հետո: Հունիսի 27-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր պետք է ստորագրեն Վրաստանն ու Մոլդովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս