Չմիավորման շարժումը կարող է դրականորեն ազդել ԼՂ-ի խնդրի կարգավորման վրա. Ադրբեջանում Իրանի դեսպան
Իրանական Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Չմիավորման (Չմիացման) շարժումը «կարող է» դրականորեն ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա.
«Կարծում եմ, որ օգտագործելով տարածաշրջանում Իրանի քաղաքական իմիջն ու Չմիավորման շարժում կազմակերպությունում նրա նախագահությունը` կարելի է ներազդել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Անցած 20 տարիները ցույց տվեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ:
Կողմերի միջև պայմանավորվածությամբ կարելի է հասնել «ճանապարհային քարտեզի» ու մեծ պլանի կազմմանը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Իրանը քանիցս հայտարարել է, որ հակամարտող կողմերի ցանկության դեպքում պատրաստ է հանդես գալ կարգավորման միջնորդի դերում»:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժումը հիմնադրվել է 1961 թվականին և իր մեջ ընդգրկել է զարգացող երկրներին, որոնք չեն ցանկացել դառնալ ԱՄՆ-ի (ՆԱՏՕ-ի) կամ ԽՍՀՄ-ի (Վարշավյան բլոկ) դաշնակիցներ: Այն ունի մոտ 120 անդամ: Ադրբեջանը կազմակերպությանն անդամակցել է 2011 թվականի մայիսի 25-ին` Ինդոնեզիայի Բալի կղզում կայացած Չմիավորման շարժման 16-րդ նստաշրջանի ժամանակ:
Այն ժամանակ դա որակվեց որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության 180 աստիճանի փոփոխություն, քանի որ 2007 թվականին ընդունված Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում նշված էր, որ Բաքվի ռազմավարական նպատակը եվրատլանտյան տիրույթին ինտեգրվելն է, իսկ այդ տիրույթի հիմնական ինստիտուտը ՆԱՏՕ-ն է։
Որոշակի կարծիքներով` Ադրբեջանը Չմիավորման շարժմանն անդամակցելուն գնաց նրա համար, քանի որ դա կարող է առավելություն է տալ նրան` կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ (մեծացնել այդ հարցում նրան աջակցող երկրների քանակը)։