Բաժիններ՝

«Օրենքով գողերն» իրենց շարքերից վտարել են երկու հոգու

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, մայիսի 11-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել գողական հավաք, որի արդյունքներով կոչումազրկվել են երկու «օրենքով գողեր»՝ 40-ամյա Ալեքսեյ Գուդինան (Լյոխա Իսկուտսկի) և 31-ամյա Բեսիկ Կվինիխիձեն (Բեսո Ռուսթավսկի)։  Եվս մեկ «օրենքով գող»՝ Մերաբ Մզարելուան, «խիստ նկատողություն» է ստացել։

«Օրենքով գողեր» Միրիչը, Ալբերտ Ռիժին, Սաչինոն, Բեսո Զարանդիյան, Գոչոն և Յուրա Լազարևսկին գրություն են տարածել քրեակատարաղողական հիմնարկներ, որում նշված է եղել, որ Լյոխան և Բեսոն խաբեությամբ են ցանկացել մուտք գործել գողական ընտանիք և երբեք էլ «օրենքով գողեր» չեն հանդիսացել։

Գործակալության տեղեկություններով՝ հավաքը տեղի է ունեցել ծագումով ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովի նախաձեռնությամբ։ Վերջինս հակամարտության մեջ է մեկ այլ ադրբեջանցի քրեական հեղինակության՝ Գուլի մականունով Նադիր Սալիֆովի հետ։  Այդ հակամարտության հիման վրա էլ Հեյդարովը հաշիվներ ուներ պարզելու Գուդինայի և Մզարելուայի հետ։

Հարաբերությունները լարվել էին հատկապես երկու քիլլերների ձերբակալությունից հետո, որոնց իբր վարձել էր Գուլին՝ Ալբերտի դեմ մահափորձ կատարելու համար։

Ալբերտի հակառակորդները ակնարկում էին, որ Ալբերտը ինքն է քիլլերներին հանձնել ոստիկանների ձեռքը, ինչը, գողական օրենքներով, անընդունելի է։ Մզարելուան այդ հակամարտության մեջ պաշտպանում էր Գուլիին։ Դատելով այն հանգամանքից, որ հավաքը նրա համար ոչ ցանկալի վերջաբան ունեցավ՝ կարելի է ենթադրել, որ չի հաջողվել ապացուցել Ալբերտի համագործակցությունը իրավապահների հետ։

Ինչ վերաբերում է Կվինիխիձեին, ապա նա «օրենքով գող»-ի կոչումից զրկվել է Էլգուջա Տուրկաձեի հետ ունեցած կոնֆլիկտը թաքցնելու պատճառով։ 2006 թվականին Բուտիրկայում Գուջեն պատժել է Բեսոյին բանտի ադմինիստրացիայի հետ կապեր պաշտպանելու համար, ծեծել նրան և հեռացրել գործերից։ Բեսոն հավաքել է իրերն ու դուրս եկել խցից։ Այն բանից հետո, երբ հունիսին Կվինիխիձեն «օրենքով գող» ճանաչվեց, նրան հիշեցրին այդ միջադեպի մասին, որի մասին նա նախընտրել էր լռել։

Տեսակետ կա, որ այս հավաքը հարվածել է առաջ հերթին Կարդավա եղբայրների կլանի շահերին։ Գուդինան նրանց՝ քիչ թվով սլավոնական դաշնակիցներից մեկն էր, Բեսոյին իրենք են կնքել, իսկ Մզարելուան Գելա Կարդավայի աներն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս