Ինչ են խնդրել Վարդան Պետրոսյանի գործով տուժողները Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատական նիստը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանում հրապարակեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի գրությունը, որով ՔԿՀ-ի պետը հայտնել էր, որ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ապրիլի 29-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Դատավոր Վ. Մկրտչյանը հայտնեց նաև, որ դատարան է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի գրությունը, որով ուղարկվել է տուժողների դիմումը: Դատավորը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-բողոքի վերջին հատվածը. «Անհասկանալի է՝ լիարժեք ապաքինված, ներկայումս ակնհայտ առողջ անձն առայսօր ինչու է գտնվում հիվանդանոցում՝ արտոնյալ կալանավորի կարգավիճակում, և ոչ թե քննչական մեկուսարանում: Խնդրում ենք ձեր միջամտությունը՝ ամբաստանյալ Պետրոսյանին զրկել արտոնյալ կալանավորի կարգավիճակից և ուղարկել համապատասխան բանտախուց»: Ի դեպ, նամակը գրվել էր մինչև Վարդան Պետրոսյանի տեղափոխումը «Նուբարաշեն» ՔԿՀ:
Տեղեկացնենք նաև, որ դատավորի որոշմամբ՝ այսօր տուժողներ Հայկ և Արթուր Հակոբյանները դուրս հրավիրվեցին դատական նիստերի դահլիճից: Վերջիններս միջամտեցին Վարդան Պետրոսյանի այն հայտարարությանը, որ շատ «կոմիկական իրավիճակ» է ստեղծվել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատարան էր ներկայացել նաև Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը, որը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել դատարանին, սակայն հրավիրված թարգմանիչը, ըստ պաշտպանական կողմի, լիարժեք չէր թարգմանում փաստաբանի խոսքերը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ ասաց, որ որևէ մեկի համար կոմիկական վիճակ չի ստեղծվել, ինչին ի պատասխան՝ Վ. Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը իրավիճակը կոմիկական է համարում, տեսել է, որ դահլիճում ներկաները ծիծաղել են: Վ. Պետրոսյանն ասաց, որ թարգմանիչը մեղավոր չէ, գրավոր և բանավոր խոսքը տարբերվում են միմյանցից, թարգմանության մեջ «խախտումներ» են թույլ տրվում, որոնք կարող են ազդել դատավորի որոշման վրա.
«Եթե ես ասում եմ կոմիկական, խնդրում եմ մի մեղադրեք: Բացատրեմ՝ ինչու եմ ասում: Ասվում է ուրիշ բան, պատասխանում է ուրիշ բան, և մարդիկ ծիծաղում են: Սա այն դատավարությունը չէ, որ մենք աշխույժ, ուրախ, զվարթ կատակներով անցկացնենք»:
Լուսանկարը՝ News.am-ի