Հայ-շվեյցարական գործարար համաժողովում ներկայացվել են մաքսային, հարկային օրենսդրության և վարչարարության առանձնահատկությունները
Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողովը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Ցյուրիխում զեկույցներով և շնորհանդեսներով ներկայացրել են մեր երկրի բիզնես միջավայրը:
Կարևորելով այդպիսի ձևաչափով գործարար համաժողովի անցկացումը, մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Արմեն Մելկիկյանն տեղեկացրել է, որ շվեյցարացի գործարարներին մասնավորապես հետաքրքրել է մեր երկրի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության նորույթները.
«Միջոցառմանը հանգամանալից ներկայացրել ենք հարկային և մաքսային ոլորտներում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, օրենսդրության և վարչարարության առանձնահատկությունները, պարզաբանումներ ենք տվել նրանց հուզող խնդիրների շուրջ: Շատ հարցեր հենց տեղում լուծումներ են ստացել: Ընդհանուր առմամբ, համաժողովի արդյունքները բավականին գոհացուցիչ են, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նաև շվեյցարացի գործարարների պատվիրակության այց կազմակերպել Հայաստան, որի ընթացքում նախատեսվում է հարկային և մաքսային հարցերի հետ կապված համատեղ քննարկումներ կազմակերպել»:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին