Ամերիկացի կոնգրեսականին մեղադրել են Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ

Haqqin.az պորտալը, վկայակոչելով Channel5 հեռուստաալիքը, հայտնում է, որ ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Տոունսը մեղադրվում է 10.000 դոլարի կաշառք ստանալու մեջ՝ Ադրբեջանի շահերը լոբբինգի ենթարկելու համար:

Առկա տեղեկատվության համաձայն, Ջո Տոունսը Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել 145-րդ բանաձևը, որն ընդգծում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, աջակցում է Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը և ապահովում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:

Փաստաթղթում նաև խոսք է գնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը «շարունակում» է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Բանաձևում ԱՄՆ-ին կոչ է արվում ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հեռուստաալիքի աշխատակիցները զարմացել են, որ սևամորթ կոնգրեսականն անսպասելիորեն ներկայացրել է նման բանաձև և փորձել են պարզել, թե դրանով իսկ ինչ շահեր է հետապնդում նա: Հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ջո Տոունսն ընդգծել է, որ Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը և ելնելով դրանից է առաջ քաշել տվյալ բանաձևը:

Սակայն դրա հետ մեկտեղ կոնգրեսականը խոստովանել է, որ բանաձևի տեքստը ստացել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից: Երբ կոնգրեսականին հարցրել են, թե որևէ բան գիտի Ղարաբաղյան հակամարտության մասին, նա բացասական պատասխան է տվել:

Հայ վտարանդի Բարի Բարսումյանն իր հերթին հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դժգոհել է, որ Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու համար:

Հեռուստաալիքն անցկացրել է սեփական հետաքննություն և պարզել, որ բանաձևն առաջ քաշելուց երկու շաբաթ առաջ կոնգրեսական Տոունսը հանդիպել է ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք նրա ընտրական կամպանիայի համար կատարել են 10.000 դոլարի նվիրատվություն:

Տեսանյութեր

Լրահոս