Խաղաղությունը հասանելիության սահմաններում է, եթե առկա է քաղաքական կամք. Ջեյմս Ուորլիք
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստան և Ադրբեջան: Կան նաև հակամարտության մեջ ներգրավված կողմեր: Դրանք Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է և փախստականներն ու ներքին տեղահանվածները: Համապարփակ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ներգրավված բոլոր կողմերի կարծիքները:
Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած տարածքներն օկուպացված են և պետք է վերադարձվեն Ադրբեջանի ինքնիշխանության ներքո: Դա համապարփակ խաղաղության համաձայնագրի տարրերից մեկն է: Համանախագահները նույն ձևակերպումն օգտագործել են մայիսի 12-ի իրենց հայտարարությունում՝ նվիրված հրադադարի 20-ամյակին:
Եվ այնուամենայնիվ, որպեսզի խաղաղության գործարքը դառնա հնարավոր, անհրաժեշտ է, որ կողմերն ընդունեն բոլոր 6 տարրերը: Անհրաժեշտ է շարունակել աշխատանքները՝ վերջնականապես խաղաղության համաձայնագրին հասնելու համար: Ստատուս-քվոն անընդունելի է, և յուրաքանչյուր օր այն դառնում է ավելի վտանգավոր, ինչը վատագույն դեպքում կձգձգի հակամարտությունը:
Իմ առաջադրանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շուտով անցկացնեն ևս մեկ հանդիպում, և մենք կարողանանք սկսել խաղաղության բանակցությունները՝ նպատակ հետապնդելով հասնել հակամարտության կարգավորմանը: Խաղաղությունը հասանելիության սահմաններում է, եթե առկա է քաղաքական կամք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա»: