Արտահերթ նիստ՝ հանուն ՀՀԿ-ի պարիտետի

Այսօր ԱԺ պատգամավորները ստորագրահավաք էին կազմակերպում՝ մայիսի 19-ին արտահերթ նիստ գումարելու համար: Ընդ որում՝ այս ստորագրահավաքին մասնակցում էին ինչպես ՀՀԿ-ական, այնպես էլ ԲՀԿ-ական պատգամավորներ: Նիստը կգումարվի հերթական նստաշրրջանի նիստի ավարտից հետո, այսինքն՝ 18:00-ին:

Արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է. ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման սկզբունքի փոփոխությունը: Գործող հանձնաժողովը կազմավորվել է պարիտետի սկզբունքի վրա. հանձնաժողովի 10 անդամներից 5-ը ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներ են, երկու անդամ ԲՀԿ-ից և մեկական՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից և «Ժառանգությունից»: Իսկ մյուս 5 անդամներից չորսը ՀՀԿ-ականներ են, և ևս մեկ անդամ ՀՀԿ նախկին կոալիցիոն դաշնակից ՕԵԿ-ից:

ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալու մասին հայտարարությունից հետո պարիտետը խախտվել է: Արտահերթ նիստի ժամանակ պետք է դրվի հանձնաժողովում համամասնությունները փոխելու հարցը. կամ հանձնաժողովի անդամների թվակազմը կհասցվի 12-ի, որպեսզի ՀՀԿ-ն ունենա 6 անդամ և հավասարվի մյուս 5 խմբակցություններին, կամ՝ կորոշվի, որ ոչ իշխանական խմբակցություններն ունենում են մեկական անդամ, իսկ ՀՀԿ-ն՝ 5: Թե ո՞ր տարբերակը կընտրվի՝ էական չէ, կարևորն այն է, որ ՀՀԿ-ն փոքրամսանության մեջ չմնա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս