Հուսով ենք, որ ավելի կընդլայնվի ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության օրակարգը. Մալենա Մարդ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև պահպանվում է երկարաժամկետ համագործակցություն.
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը հարևանների հետ: ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությունն ունի ամուր հիմքեր: Մենք հուսով ենք, որ էլ ավելի կընդլայնվի մեր համագործակցության օրակարգը: Մեզ մոտ ամեն ինչ դեռ առջևում է»:
Մարդն ընդգծել է, որ ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ համագործակցության զարգացման մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Մալենա Մարդը հայտարարել էր, որ ԵՄ-ը կարևորում է Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը: Օրեր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել էր, որ Ադրբեջանին չի գոհացնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: