Թոմ դե Վաալն անհրաժեշտ է համարում ԼՂ-ի գծով ԵԱՀԿ-ի դիտորդների քանակի ավելացումն ու լիազորությունների ընդլայնումը
Քարնեգիի Մոսկովյան կենտրոնի կայքում երեկ հրապարակվել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալի «Մոռացված ճակատային գիծ» հոդվածը:
Հիշեցնելով, որ ընթացիկ շաբաթ լրացավ Ղարաբաղյան հրադադարի 20-ամյակը (12.05.1994)՝ Թոմ դե Վաալը գրում է, որ այն ժամանակ, երբ զանգվածային բռնությունների դրվագների հարցում բոլորի ուշադրությունը գամված է Սիրիայի, Իրաքի կամ էլ վերջին շրջանում Ուկրաինայի վրա, դանդաղորեն, սակայն կայուն աճ են արձանագրում այն հակամարտությունների զոհերը, որոնց երբեմն սխալմամբ որակում են որպես «սառեցված»:
Վաալն ընդգծում է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտից հետո ձևավորվել է 160 մղոն երկարությամբ ճակատային գիծ, որը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակները՝ հավելելով, որ ղարաբաղյան շփման գծում խրամատները երբեմն գտնվում են միմյանցից 100 մետր հեռավորության վրա, իսկ հրադադարի ռեժիմը խախտվում է կանոնավորապես:
Վաալը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը միայն աննշան կերպ է ավելի անվտանգ՝ համեմատած ղարաբաղյան շփման գծի հետ: Վաալի տվյալներով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն 70.000-անոց զորք (յուրաքանչյուրը), որոնց մոտ կեսը տեղակյված է շփման գծում: Վաալը ներկայացրել է հրադադարի ռեժիմի՝ ուժի մեջ մտնելուն հաջորդած 20 տարվա ընթացքում Ադրբեջանի կրած կորուստների վերաբերյալ «Դոկտրինա» կենտրոնի ներկացրած տվյալները:
Փորձագետը կարծում է, որ պետք է լուրջ ընդունել այդ տվյալները, քանի որ դրանք հենված են ռազմական աղբյուրների ու զինվորների ընտանիքների վրա: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ բացակայում են հայկական կողմի կրած կորուստների մասին տեղեկությունները: Վաալը կանխատեսել է, որ Հայաստանը կրած կլինի նմանատիպ կորուստներ.
«Դժվար է գրանցել ու ստուգել շփման գծում զոհերի թիվը, ինչը մեծապես կապված է նրա հետ, որ ԵԱՀԿ-ի ընդամենը 6 միջազգային դիտորդ է գործում շփման գծում: Նախորդ շաբաթ Քարնեգիի հիմնադրամում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ը պետք է ավելի ուժեղ ներկայացված լինի այդ վայրերում, որպեսզի կրճատվի տուժածների քանակը: Նրա կարծիքով դիտորդները ներկայումս չունեն ո՛չ մանդատ, ո՛չ էլ ռեսուրս, որպեսզի վերջ դնեն մարդկանց հաճախակի զոհվելուն կամ էլ անգամ պարզեն պատասխանատուներին»:
Վաալը կարծում է, որ ԵԱՀԿ-ը պետք է ավելացնի իր դիտորդների քանակը, որոնց մանդատը կտարածվեր նաև շփման գծից դուրս: Որպես օրինակ՝ Վաալը նշել է, որ նրանք կկարողանային առավել զգոնություն ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես որ հայերն են ցանկանում, և զեկույցներ ներկայացնել ԼՂ-ին հարակից շրջաններում տիրող իրավիճակի մասին, ինչը մտահոգում է Բաքվին:
Վերջում փորձագետն ընդգծել է, որ անկախ յուրաքանչյուր կողմից ներկայացրած փաստարկների էությունից, շփման գծի շուրջ համաձայնագրի բացակայությունը հանգեցնում է նրան, որ դրա համար գին են վճարում շարքային զինվորներն ու քաղաքացիական անձինք: