Բաժիններ՝

Հրադադարին հաջորդած 20 տարում շփման գծում զոհվել է 730 ադրբեջանցի զինծառայող. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դոկտրինա» լրագրողական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո շփման գծում զոհված ու վիրավորված ադրբեջանցի զինծառայողների մասին տվյալներ:

«Դոկտրինայի» ղեկավար Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ այդ 20 տարում հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհվել է 610 զինծառայող: Վիրավոր զինծառայողների ընդհանուր քանակը կազմել է ավելի քան 710 մարդ:

Այս տվյալները հենված են ԶԼՄ-ների տեղեկությունների մոնիթորինգի, ռազմական աղբյուրներից ու զինվորների ծնողներից ստացված տեղեկությունների վրա:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ականների վրա պայթելու հետևանքով զոհվել է 120 ադրբեջանցի զինծառայող: Եվս 200 զինծառայող վիրավորվել է ականի վրա պայթելուց հետո:

Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները գնահատվում են 33 զոհ (18-ը պայթել է ականի վրա) և ավելի քան 65 վիրավոր (25-ը պայթել է ականի վրա): Հաշվետու ժամանակահատվածում 9 քաղաքացիական անձ պատանդ է վերցվել և հետագայում՝ ազատ արձակվել:

20 տարում գերի է ընկել 30 ադրբեջանցի զինծառայող, որոնցից 5-ն ուղարկվել են երրորդ երկրներ, իսկ մնացյալը վերադարձվել են Ադրբեջան: Այս ամենի հետ մեկտեղ «Դոկտրինան» չի բացառում, որ իրական կորուստները կարող են ավելի մեծ լինել վերոնշյալ թվերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս