Ռուսաստանում կարող են արգելափակել Twitter-ը
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանում կարող են արգելափակել Twitter-ը: Այս մասին թերթին հայտնել է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր») ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովը:
Նա հայտարարել է, որ Twitter-ը չի կատարել ապօրինի տեղեկատվությունը հեռացնելու մասին իրենց պահանջը, ինչն էլ կարող է հանգեցնել երկրում Twitter-ի արգելափակմանը: Կսենզովն ընդգծել է, որ Twitter-ի գործունեությունից տուժում են օրինաճանաչ օգտատերերը.
«Մշտապես գոյություն ունի որոշակի գիծ, որը հանդիսանում է ապակառուցողական փոխգործակցության սահման, ինչից հետո պետությանը չի մնում որևէ այլ բան՝ բացառությամբ հասարակության շահերը պաշտպանելուց: Ստացվում է, որ հրաժարվելով կատարել պետական մարմինների օրինական պահանջները՝ կորպորացիան վնաս է պատճառում իր օգտատերերին»:
Ի տարբերություն Twitter-ի, Google-ը և Facebook-ը հավատարիմ են գտնվել ապօրինի բովանդակությունը հեռացնելու կանոնակարգին: