
ԱՄՆ սենատը կդիտարկի ռուսական զենքի վրա բեռնարգելք դնելու մասին օրինագիծը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Սենատում երեկ ներկայացվել է ռուսական «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության հետ ընթացիկ պայմանագրերը սառեցնող և նոր համաձայնագրերի կնքում արգելող օրինագիծ:
Փաստաթուղթը ստացել է «2014 թվականին ռուսական սպառազինության վրա բեռնարգելք դնելու մասին ակտ» անունը: Օրինագծի հեղինակներն են սենատորներ Դեն Կոուտսը, Ջոն Քորնինը և Ռիչարդ Բլումենտալը: Նրանք ընդգծել են, որ իրենց նպատակը Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման ուժեղացումն է՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ:
Նրանց առաջ քաշած օրինագիծն արգելում է նաև ամերիկյան ընկերությունների կողմից պայմանագրերի կնքումն օտար այն ընկերությունների հետ, որոնք համագործակցում են զենք արտահանող ռուսական ընկերությունների հետ: