Եվրահանձնակատարը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի լրագրողներին ձերբակալելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը դատապարտել է Բաքվում ֆրանսիացի երկու լրագրողի՝ Լորեն Ռիշարի ու Էմանուել Բախի ձերբակալումն ու նրանց սարքավորումների առգրավումը:

Մույժնիեքսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Մտահոգված եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալման ու նյութերի առգրավման կապակցությամբ: Դա հերթական հարվածն է այդ երկրում մարդու իրավունքներին ու մամուլի ազատություններին»:

Ֆրանսիացի լրագրողներին Փարիզ մեկնելիս ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում: Նրանք Բաքու էին ժամանել՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Սակայն Օլանդի մեկնելուց հետո լրագրողները որոշել էին որոշ ժամանակով մնալ Ադրբեջանում և պատրաստել մի շարք նյութեր:

Մայիսի 15-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները խլել են նրանց նկարահանման ողջ սարքավորումներն ու առկա նյութերը, ապա բռնի ուժով նստեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռ:

Տեսանյութեր

Լրահոս