Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հատուկ նիստը, որում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Հարցը խորհրդարանի օրակարգ է մտցրել «Մերեց» կուսակցության առաջնորդ Գալիոն Զահավան:
Նա երկրի կառավարությանը կոչ է արել մինչև 2015 թվականը ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը: Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնն ընդգծել է, որ ժամանակին այցելել է Երևան և ծաղկեպսակ դրել Ծիծռնակաբերդի հուշահամալիրում:
Էդելշտեյնն ընդգծել է, որ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումներն ուղղված չեն ժամանակակից որևէ երկրի (Թուրքիա) դեմ. «Մենք վարվում ենք ինչպես հրեաներ և հավատարիմ ենք այլ ժողովրդի ճշմարտությանն ու տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և շրջանցենք մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական նկատառումներից:
Հաջորդ տարի աշխարհը նշելու է զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, և եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի դեմ սպանդը: Այդ ճանաչումը չի հանդիսանում Թուրքիայի հետ հարաբերություները սրելու փորձ, որոնք շատ կարևոր են Իսրայելի համար: Կառավարությունը չպետք է ճանաչումը զոհաբերի հանուն ժամանակավոր շահերի:
Ամեն անգամ, երբ փոխվում է դիվանագիտական իրավիճակը, մենք, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա ի հայտ է գալիս «Մավի Մարմարայի» միջադեպը (31.05.2010), և մենք պատրաստվում ենք փոխել մեր դիրքորոշումը:
Քնեսեթի անդամներից շատերը Հոլոքոսթը վերապրածների զավակներ են: Որպես Հոլոքոսթը վերապրած ազգ՝ մենք չեն կարող անտեսել Հայոց ցեղասպանությունը՝ գործին չառնչվող նկատառումներից ելնելով»: