Մաքսային միության անդամավճարը՝ Ղարաբաղ
Մաքսային/Եվրասիական միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից: Այս նախադասությունն անցած 8 ամիսներին այնքան է հնչել Հայաստանի ու ոչ միայն՝ Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, որ որևէ մեկը դադարել է լուրջ վերաբերվել դրան: Իրականում այդ նախադասությունը ոչ այլ ինչ է, քան այն, ինչ ռուսներն անվանում են «լապշա»՝ ոչ թե ուտելու, այլ ականջներին կախելու իմաստով: Ու այդ «լապշան» այնքան է եփվել, որ հասել է անգամ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով երեկ Երևանում կրկնեց գրեթե նույն միտքը: Հասկանալի է, իհարկե, որ Օլանդը դա արեց ոչ թե այն պատճառով, որ հավատում է Մաքսային միության միջոցով Հայաստանի շահի սպասարկման հնարավորությանը, այլ որովհետև այդպես է պահանջում քաղաքավարությունը և այլ շահեր:
Իսկ ո՞րն է Հայաստանի շահը: Այդ հարցին վստահաբար չեն կարող պատասխանել առաջին հերթին՝ բոլոր նրանք, ովքեր այդքան բարձր են խոսում այդ շահի մասին: Իրականում Հայաստանի շահը նախևառաջ՝ բոլոր այն քայլերը չկատարելն էր, որոնք կատարել և շարունակում է կատարել Հայաստանի իշխանությունը՝ Ռուսաստանին դուր գալու համար: Հայաստանի շահի մասին այդքան բարձր ու պաթետիկ խոսողները չեն կարող պատասխանել մեկ այլ հարցի ևս՝ Հայաստանը վճարվելո՞ւ, թե՞ վճարելու է Մաքսային/Եվրասիական միությանն անդամակցության համար/դիմաց: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած 8 ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանն արդեն իսկ վճարում է, ընդ որում, բավական թանկ է վճարում Մաքսային միությանն անդամակցության համար: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու շաբաթներին, ըստ էության, կարելի է համարել Հայաստանին «հաշիվ ներկայացնելու» ակտ: Խոսքը ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող ակտիվ զարգացումների մասին է, որի գագաթնակետը դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Բաքվում ու Երևանում:
Եթե փորձենք ներկայացնել բոլոր այս հայտարարությունների հիմնական շեշտադրումները, ապա ստիպված ենք արձանագրել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող գերտերությունները կոնսենսուսի են եկել այն հարցում, որ Ղարաբաղի հարակից շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև ցամաքային կապն ապահովող միջանցքը չի կարող ներառել Լաչինի ողջ շրջանը, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտությամբ (արդեն նույնիսկ հանրաքվե եզրը չի օգտագործվում):
Հենց այս հիմնական մոտեցումներն էին ընկած ինչպես՝ Ուորլիքի ելույթի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ Օլանդի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարության հիմքում: Կարելի է, իհարկե, բոլոր այս հայտարարությունները տող առ տող քննարկել՝ տառ առ տառ հայհոյելով միջնորդներին, բայց դրանից ոչինչ չի փոխվի հիմնական, ընդհանուր արձանագրման մեջ: Իսկ արձանագրումն այն է, որ Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատման 20-ամյակին՝ 1994 թվականի պատերազմում հաղթանակած Հայաստանը պարտվել է քաղաքականության, դիվանագիտության ասպարեզում:
Իհարկե, այդ պարտության հիմքերը խորն են և, թերևս, հասնում են 1990-ականների երկրորդ կես, այդուհանդերձ, այս պարտության հարցում ամենամեծ մասնաբաժինն ունի Հայաստանի վերջին՝ աշխարհաքաղաքական ընտրությունը՝ Ռուսաստանի կցորդը դառնալու ճանապարհի ընտրությունը: Հենց դրա համար էլ Հայաստանին հաշիվ է ներկայացվում ղարաբաղյան հակամարտության լուծման նման հեռանկարի տեսքով: Ընդ որում, հաշիվը ներկայացվում է բոլորի կողմից, և այնպես չէ, որ ներկայումս Արևմուտքի հետ գրեթե հակամարտող Ռուսաստանն այս հարցում պետք է պաշտպանի Արևմուտքի ակնհայտ աջակցությունը վայելող/ստացած Ադրբեջանի հակառակորդին՝ Հայաստանին: Ճիշտ հակառակը, Ռուսաստանը ոտքով-ձեռքով համաձայն է ղարաբաղյան կարգավորման այս սցենարին: Հասկանալի է՝ նաև այն հաշվարկով, որ փաստաթղթի ստորագրումից հետո ռուսական համազգեստով խաղաղապահներ կտեղակայվեն ԼՂ-ում:
Հայաստանում իսկական հիստերիա բարձրացավ Ջեյմս Ուորլիքի ելույթի առիթով: Այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նա որևէ նորություն չէր ասել: Իրականում Ուորլիքի ելույթում կար մի նախադասություն, որի առիթով պետք է հիստերիա բարձրանար, բայց ոչ թե՝ ուղղված Ուորլիքին կամ ամերիկացիներին, այլ Հայաստանի իշխանություններին:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտության ու երկու ժողովուրդների համար դրա կարևորության մասին Ուորլիքն ասում է. «Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին…»:
Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը՝ «համաշխարհային խաղացող»: Հենց այս ձևակերպումն է Հայաստանի պարտությունը և ոչ թե՝ ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն սկզբունքը կամ կետը: Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ադրբեջանին վերաբերվում է՝ այլևս որպես «համաշխարհային խաղացողի»: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում Արևմուտքը Հայաստանին: Այդ մասին Ուորլիքի ելույթում որևէ բառ չկա: Փոխարենը՝ դրա մասին է վկայում այն լուծումը, որը պարտադրում են Հայաստանին «համաշխարհային խաղացողի» խոչընդոտները վերացնելու համար:
Ի դեպ, որքան էլ տարօրինակ հնչի, այսպիսով Արևմուտքն աջակցում է ՀՀ իշխանությունների երազանքի իրականացմանը՝ օր առաջ անդամակցել Մաքսային/Եվրասիական միությանը: Հայաստանին, ինչպես հայտնի է, այդ հարցում խանգարում է Ղարաբաղը: Ավելի կոնկրետ՝ Ղազախստանի ու Բելառուսի դիրքորոշումը՝ Ղարաբաղի հետ միասին ՀՀ-ին Մաքսային միություն չթողնելու վերաբերյալ: Հայաստանին ՄՄ-ում ցանկանում է տեսնել նաև Ռուսաստանը: Հիմա, փաստորեն, Արևմուտքը՝ Ռուսաստանի հետ միասին, արագացնում է ՀՀ-ի անդամակցությունը՝ Հայաստանին «ազատելով» ԼՂ-ի «բեռից»: Սա գուցե անգամ ցինիկ է հնչում: Բայց մի՞թե ցինիկ չէր հնչի, եթե մեկ տարի առաջ այս օրերին որևէ մեկն ասեր, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: