ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ հրադադարի 20-ամյակի կապակցությամբ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հրադադարի (ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին) 20-ամյակի հետ: Դրանում նրանք տարածաշրջանի բնակիչներին առաջարկել են խորհել վերջին երկու տասնամյակի ժառանգության մասին.

«Այդ համաձայնագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների աղետալի բռնությունները և հիմք ստեղծեց բանակցությունների համար, որոնք առաջարկվում են կողմերին՝ խաղաղության հասնելու համար: Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդը մեծացավ՝ չիմանալով պատերազմի սարսափների մասին:

Կողմերը պետք է անեն ամեն հնարավոր բան, որպես հետագա սերունդներին պաշտպանեն այդպիսի փորձից: Սակայն հրադադարի մասին համաձայնագիրը, այնուամենայնիվ, չլուծեց հակամարտությունը: Այն Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած տարածքները թողեց օկուպացված վիճակում և առաջընթաց չապահովեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցում:

Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրեց հարյուր հազարավոր մարդկանց վերաբնակեցմանը, միջազգային սահմանի ու շփման գծի երկայնքով բռնությունների էսկալացիայի մշտական վտանգին, ինչպես նաև մի շարք շրջանակների մոլորեցմանը, որ ստատուս-քվոն կարող է պահպանվել մշտապես:

Կողմերը չեն ցանկանում ցուցաբերել մեծ ցանկություն՝ օգտվելու համար համանախագահող երկրների շնորհիվ ստեղծված հնարավորություններից կամ էլ ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործընթացում առաջընթաց գրանցելու համար:

Մենք կիսում ենք այդ հակամարտության հարցում ընդհանուր դիրքորոշումը և նախկինի նման ամուր հավատարիմ ենք կողմերին օգնելուն՝ կարճ ժամանակում խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ հենված Հելսինկյան ամփոփիչ ակտի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որոնք հատկապես առնչվում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը, ժողովուրդների ինքնորոշման (սեփական ճակատագրի վճռման) իրավունքին:

Կարգավորման գործընթացում պետք է ներառվեն այն տարրերը, որոնք 2009-2013 թվականներին իրենց հայտարարություններում շարադրել են համանախագահող երկրների նախագահները. Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգություն ու ինքնաղեկավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք, ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորում, որը կհստակեցվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ խաղաղապահ գործողությունը:

Նոյեմբերին մենք տեսանք ամենաբարձր մակարդակով երկխոսության հեռանկարային վերսկսում: Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական, բարեխիղճ բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության համաձայնագրին՝ հենված այդ տարրերի վրա՝ հակամարտության ամուր կարգավորմանը հասնելու համար:

Այդպիսի կարգավորումն անհնար է առանց հայ և ազերի ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման առկայության: Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնարկել երկու ժողովուրդների միջև ակտիվ ծրագրեր ու միջոցներ և մեծացնել անվտանգ վստահության պոտենցիալը՝ խաղաղության գործընթացի ամրագրման համար:

Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության ու անվտանգության մեջ, և մենք պատրաստ ենք օգնել դրան: Կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ խաղաղություն ապահովելու համար: Երբ նրանք կձեռնարկեն դրանք, ապա դա տեղի կունենա ԵԱՀԿ-ի ու միջազգային հանրության լիովին աջակցության ներքո»:

Տեսանյութեր

Լրահոս