Հայաստանի տնտեսական աճն այս տարի ավելի ցածր կլինի, քան 2013-ին. Moody’s
Ուկրաինական ճգնաժամն ու դրանում Ռուսաստանի ներգրավվածությունը ազդում է ԱՊՀ բոլոր երկրների կանխատեսումների վրա։ Այս մասին գրում է RBC.ru-ն։
Ինչպես նշում են Moody’s վարկանիշային գործակալության փորձագետները, ճգնաժամը խորացնում է տնտեսական ռիսկերը այն երկրների համար, որոնք տնտեսական սերտ կապեր ունեն տնտեսական դժվարություններ ունեցող Ռուսաստանի հետ։
Բացի այդ, ճգնաժամը սրում է տարածքային կոնֆլիկտների վերսկսկման և Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման աշխարհաքաղաքական ռիսկերը ։
Չնայած սրան, գործակալության մասնագետները կարծում են, որ 8-երկրներից 6-ում (բացի Ռուսաստանից և Ուկրաինայից) տնտեսական աճը կարտահայտվի դրական ցուցանիշով, ինչին կնպաստի Եվրամիության տնտեսության առողջացումը։
Տնտեսական աճի ամենից բարձր տեմպը կունենան Վրաստանը և Բելառուսը։ Իսկ Հայաստանում, Ադբրբեջանում, Մոլդովայում և Ղազախստանում տնտեսական աճի տեմպն ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի։
Տեղեկացնենք, որ 2014 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է ՀՆԱ-ի 5.2% աճի կանխատեսում, իսկ 2013-ին արձանագրվել էր 3.5% աճ։
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ կառավարության կանխատեսումից տարբերվող գնահատական էր ներկայացվել նաև Եվրասիական զարգացման բանկի «ԱՊՀ Մակրոմոնիտոր» զեկույցում, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։ Զեկույցում նշվում էր, որ ՀՀ տնտեսությունը 2014-ին կաճի 4.8%-ով։